Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախկին վարչապետը կուսակցություն է ստեղծում


Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Անկարայում կայանալիք ասուլիսի ընթացքում պաշտոնապես կհայտարարի սեփական կուսակցության ստեղծման մասին:

Reuters գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երբեմնի մերձավոր զինակիցներից մեկի կողմից ստեղծվող քաղաքական ուժը կոչվելու է «Ապագայի կուսակցություն»:

Նախկին վարչապետի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը Reuters-ի թղթակցին հայտնել է, որ Դավութօղլուն երեկ դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` կուսակցության պաշտոնական գրանցման խնդրանքով:

«Ուրբաթօրյա ասուլիսի ընթացքում Դավութօղլուն կբացահայտի այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է կուսակցությունը, ինչպես նաև տեղեկություններ կտրամադրի քաղաքական այդ ուժի մյուս հիմնադիր անդամների մասին», - նշել է Reuters-ի աղբյուրը` համոզմունք հայտնելով, որ «այս կուսակցությունը թարմ շունչ կհաղորդի Թուրքիայի քաղաքական կյանքին»:

Դեռ մի քանի տարի առաջ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առանցքային անդամներից մեկն էր: Շուրջ հինգ տարի` 2009-2014 թվականներին Դավութօղլուն զբաղեցնում էր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը` հանդիսանալով «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական դոկտրինի հեղինակը: 2014-ի մայիսին Դավութօղլուն իշխող կուսակցության կողմից առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում` միաժամանակ զբաղեցնելով նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդի պաշտոնը: Դավութօղլուի պաշտոնավարման թերևս ամենալարված շրջանը 2015 թվականն էր, երբ Թուրքիայում կես տարվա ընթացքում երկու խորհրդարանական ընտրություն կայացավ:

Վարչապետի պաշտոնում աշխատելու ընթացքում, այդուհանդերձ, Ահմեթ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հարաբերությունները սկսեցին վատթարանալ, ինչի հետևանքով 2016-ի մայիսին վարչապետը պաշտոնանկ արվեց:

Դրանից հետո էլ սակայն, ավելի քան երեք տարի, Դավութօղլուն շարունակում էր իշխող կուսակցության անդամ մնալ: Նա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքեց այս տարվա սեպտեմբերին` հայտարարելով, որ քաղաքական այս ուժն այլևս ի վիճակի չէ լուծել Թուրքիայի առջև ծառացած հիմնարար խնդիրները: Նախկին վարչապետի պնդմամբ՝ կուսակցության ներսում գնալով ուժեղանում են նաև ավտորիտար միտումները և «ներկուսակցական ժողովրդավարություն այլևս չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG