Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնել


Կառավարությունն առաջարկում է քրեականացնել բռնության հրապարակային կոչերը։ Նիստում նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շեշտեց՝ խոսքի, արտահայտվելու ազատությունը բացարձակ իրավունք չէ և այն կարող է սահմանափակվել:

«Եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, հետապնդում է իրավաչափ նպատակ, նախատեսված է օրենքով, հենց այդ բալանսն էլ ապահովելով այս նախագիծը մշակվել է», - ասաց Բադասյանը։

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով սահմանվում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, տարիքով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով, կամ կալանքով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով: Բռնության ու ատելության հրապարակային խոսքի համար մինչև երեք տարի կստանան, եթե այն կիրառվել է մի խումբ անձանց կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Բադասյանը շեշտեց՝ պատասխանատվություն նախատեսվում է այն դեպքում, երբ բռնության կոչը հրապարակային է և ունի հասցեատեր։

«Դժվար եմ պատկերացնում, օրինակ, որ առանց խտրականության հիմքի բռնության կոչ կարա լինի՝ կամ քաղաքական ուժի պետք է պատկանի կամ ինչ-որ փիլիսոփայական պատկերացումների մեջ պետք է մտնի կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պետք է լինի, հակառակ դեպքում ինչը կարող է ստիպել բռնության կոչ անելու, օրինակ, ո՞ւմ նկատմամբ, ի՞նչ հիմքով», - նշեց արդարադատության նախարարը։

Նախարար Բադասյանն ընդգծեց՝ բռնության կոչը «ատելության խոսքի» ծայրահեղ դրսևորում է։ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը համարեց սկզբունքային ու թավշյա ոչ բռնի հեղափոխությունից բխող։

«Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլիեն ուտողները, ոմանց դուր չեն գալիս քյաբաբ ուտեղները և այլն, և այսպես շարունակ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի տպավորությամբ հասարակության որոշ ենթաշերտերում բռնության տեսակներ կան՝ ընդունելի են. «Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց, ոչ մի բան էլ չեղավ։ Մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան»։

Ավելի ուշ վարչապետին հուշեցին՝ շաքարամանից երկու կտոր շաքար կերած ու հետո սկեսուրի ու ամուսնու բռնություններից սպանված հարսը Նար-Դոսի ստեղծագործությունում է։ Նիկոլ Փաշինյանը բռնության բացառման համատեքստում հիշեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին, այն Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով էր ուղարկել հանրային քննարկման թեմա դարձած հարցերի վերաբերյալ հստակեցումների համար։ Պարզվեց՝ պատասխանն արդեն կա։

«Ուղղակիորեն նշված է, որ սա վերաբերում է ինչ-որ միասեռական ամուսնությունների օրինականացմանը կամ նման զույգերի կողմից երեխայի որդեգրմանը, սևը սպիտակի վրա ԵԽ մարմինը, իսկ էս կոնվենցիան ևս Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի», - նշեց Բադասյանը։

Բռնությունը կանխարգելելու առումով վարչապետ Փաշինյանը կարևոր է համարում հենց բռնության խոսքի համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը և այն հաստատվեց առանց որևէ դեմ տեսակետի։

Որոշման ընդունումից կառավարության տղամարդիկ զվարթ զրույցի բռնվեցին տղամարդկանց բռնությունից պաշտպանելու թեմայով։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ կանանց մասին է շատ խոսվում, բայց զուգահեռ՝ իրավիճակ է փոխվում։

«Ասում է՝ կանանցն ավելի խոցելի է, կանանցն են գրում, բայց քանի որ իրավիճակ է փոխվել և իրավիճակը հա փոխվում է, տղամարդկանց բառը մեկ-մեկ պետք է շեշտվի», - ասաց ԱԻՆ նախարարը։

«Համենայն դեպս մենք տենց վիճակագրություն չունենք, որ Հայաստանի Հանրապետությունում տղամարդիկ կանանց կողմից բռնության են ենթարկվում», - նշեց Փաշինյանը։

Պարզվեց տղամարդկանցից բողոքները, թե կանայք բռնանում են իրենց վրա, աճել են։ Մարդու Իրավունքների պաշտպանն ասաց. «Մեզ մոտ վերջերս բողոքներն աճել են տղամարդկանց կողմից»։

Երեխա, կին, տղամարդ, թե որևէ խմբի ներկայացուցիչ, խոցելի են բոլորը նկատեց վարչապետը. «Մարդն ընդհանուր առմամբ խոցելի է և պետք է մարդուն պաշտպանել, սա է ամենակարևոր գաղափարախոսությունը և բոլոր տեսակի բռնություններից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG