Մատչելիության հղումներ

Ամանորի համար նախատեսվում է ավելի քան 400 մլն դրամ․ ընդդիմադիրները քննադատում են


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

2020-ին ավելի քան 400 մլն դրամ է նախատեսվում մայրաքաղաքում Ամանորը նշելու համար։ Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասում է՝ ընտրված ձևաչափն ու միջոցառումների բարձրաճաշակությունը թելադրում են որոշակի ծախսեր, որը հնարավոր չէ չանել։

«Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեստներով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից բերած կուրտկաներով ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում», - ասաց Վիրաբյանը:

«Ազատության» հարցին, թե Երևանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, արդյո՞ք արդարացված է համարում նման մեծ ծախսը, փոխքաղաքապետը դրական արձագանք տվեց։ Միևնույն ժամանակ արձագանքեց ընդդիմադիրների այն քննադատություններին, թե խնդիրները թողած, կարիք կա՞ր արդյոք նման ճոխության. «Բոլոր հարցերը լուծման ճանապարհին են և բոլոր հարցերը պիտի լուծվեն»:

Այս տարվա միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է շուրջ 271 մլն դրամ, բացի այդ՝ Հանրապետության հրապարակի և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ, իսկ վարչական շրջանների բյուջեն կազմում է 81 մլն դրամ։ Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում սպասվում է նաև հանրահայտ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։ Նրա հոնորարը կազմում է 65 հազար եվրո։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ այս ծախսերը ավելի քան ուռճացված են։

«Ճոխ 44 միլիոն դրամ արժողությամբ վերգետնյա անցումի հետ կապված, որը նախատեսվում է կառուցել, կոնստրուկցիան հավաքվի Հանրապետության հրապարակում, այս գումարով առնվազն երկու կամ երեք վերգետնյա անցում կարելի էր կառուցել քաղաքում, օրինակ, Մյասնիկյան պողոտայում: Ես դրա հետ կապված ավագանու նիստի ժամանակ ևս խոսեցի, որ խիստ անհրաժեշություն կա և ուղղակիորեն մարդու կյանքին վտանգ է սպառնում, լուսացույց է դրված, այդտեղով անցնել-դառնալը․ և՛ խցանումներ են առաջանում, և՛ վրաերթեր են լինում և այլն: Այսօր պարոն Վիրաբյանն ասում է՝ վերջապես մարդիկ ապահով կկարողանան մոտենալ ամանորյա տոնածառին, իսկ մարդիկ կկարողանա՞ն ապահով մի փողոցիցի մյուսն անցնել տարվա ընթացքում կամ տարիների ընթացքում, ոչ թե 5 կամ 10 օրվա ընթացքում: Ի՞նչն է ինձ ավելի շատ բորբոքել, քաղաքային իշխանության բազմաթիվ ավագանու անդամներ տարածում էին իրենց տեսակետները՝ ավելի հստակ ասելով իրենց խմբակցության քարտուղարի գրած տեսակետը տարածում էին բոլորը, որ վերջապես շրջաններից, գյուղերից կգան քաղաքացիներ և հնարավորություն կունենան Ամանորը դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խնդրում եմ, դադարեցրեք էս անձի պաշտամունքը», - ասաց Վարդանյանը:

Հանրապետության հրապարակում նախատեսվող Ամանորյա միջոցառումների մասին վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է վարչապետ Փաշինյանը։ Հայտարարեց՝ իրենց նպատակն է, որ տոներին մարդիկ հանգստանան, այլ ոչ թե, նրա ձևակերպմամբ, ընկնեն սննդային ու այլ կարգի դեպրեսիաների մեջ։ Ասաց նաև՝ նպատակ ունեն, որպեսզի մեծ թվով քաղաքացիներ տոները նշեն Հայաստանում, ինչպես նաև խթանեն տուրիստների հոսքը Հայաստան։

«Շատ է խոսվում այն մասին, թե արժի՞ էդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ սոցիալապես անապահով կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան: Էդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով, դա նա է, հենց առաջին հերթին սոցիալապես կամ այսպես ասած ամենօրյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը», - ասաց վարչապետը:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները, արդյո՞ք կարիք կար ավելի քան 400 մլն դրամ տրամադրել Ամանորի միջոցառումներին:

«Էդքան ծախս անելով ի՞նչն է ավելանալու, ոչ մի բան», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Իմ կարծիքով նորմալ է, ինչո՞ւ չէ, դա տարին մեկ անգամ է էլի, թող լավ լինի, գոնե մեր երեխաները կուրախանան», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG