Մատչելիության հղումներ

Թաթոյանի կարծիքով՝ միջոցներ են պետք խոսքի ատելությունն ու անհանդուրժողականությունը նվազեցնելու համար


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, 10 դեկտեմբերի, 2019թ.

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղափոխությունից հետո տեղի ունեցան սկզբունքային փոփոխություններ, կարծում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ այս ընթացքում եղել է առաջընթաց, սակայն նոր մարտահրավերներ էլ են ի հայտ եկել. - «Առաջընթաց կա բնականաբար, խոսքի և մամուլի ազատության հարցերում կա առաջընթաց, իհարկե, խնդիրներ կան, առանձին խնդիրներ եղել են, մենք արձագանքել ենք դրան, բայց ընդհանուր առմամբ օրինակ՝ համակարգային առումով առաջընթաց կա, բնականաբար։ Համակարգային առումով քաղաքական իրավունքների մասով, ես կարծում եմ, ունենք առաջընթաց», - ասաց նա։

Կան ոլորտներ, օրինակ՝ փակ հաստատությունները, որտեղ փոփոխություննները դանդաղ են կատարվում, և երկար ժամանակ է պետք դրանց արդյունքները տեսնելու համար: Օմբուդսմենը, սակայն, շեշտում է, որ հեղափոխությունից հետո ի հայտ են եկել նոր խնդիրներ, մասնավորապես, ըստ Թաթոյանի, ատելության խոսքն է շատ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք դրա նվազեցմանն ու վերացմանը, այս անհանդուրժողականության մակարդակը, որ կա։ Այդ ուղղությամբ Ազգային ժողովի խմբակցությունների հետ ես կոնկրետ հանդիպումներ եմ ունեցել, մենք մեր գործընկերների հետ ունենք որոշ պայմանավորվածություններ։ Թե՛ օրենսդրական, թե՛ այլ եղանակներով, ես կարծում եմ, գործուն միջոցներ պետք է գործադրել, որպեսզի հասնենք դրա նվազեցմանը», - նկատեց նա։

Երկրորդ ոլորտը, ըստ Թաթոյանի, որտեղ վիճակն անգամ վատթարացել է, կալանավորվածների ընտանիքի անդամների հետ հանդիպումների արգելքն է։ Սա, նրա համոզմամբ, քաղաքական փոփոխությամբ չի պայմանավորված, պարզապես խնդիր է, որը տարիներ շարունակ չի լուծվել և խորացել է։ Խնդիրները լուծելու քաղաքական կամք Արման Թաթոյանը տեսնում է։ Նրա խոսքով՝ սակայն, շատ կարևոր է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ուղերձներ չհղեն:

«Շատ կարևոր է, որ այդ քաղաքական կամքի իրացման ճանապարհները ճիշտ ընտրվեն։ Եթե, պատկերացրեք, քաղաքական կամքի իրացման ճանապարհը սխալ ընտրվեց, օրինակ՝ կապված դատական իշխանության հետ, կապված դատաիրավական բարեփոխումների հետ, մենք ավելի վատ արդյունքներ կունենանք, քաղաքական կամքը պարզապես կմնա որպես բարի ցանկություն, հետևաբար մենք պետք է թույլ չտանք, որ այդ քաղաքական կամքը դառնա բարի ցանկություն, և ճիշտ իրավական եղանակներով իրականացնենք։ Պետք է ասեմ, որ հիմա դատական իշխանության հետ կապված ինձ մտահոգում է, կամ ես անթույլատրելի եմ համարում հատկապես հանրային իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից դատական իշխանության հասցեին վիրավորական բնույթի արտահայտությունները», - հայտարարեց ՄԻ պաշտպանը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է՝ ատելության խոսքի պոռթկումները հեղափոխությունից հետո սպասելի էին, այդպիսի իրադարձություններից հետո նման սրացումներ լինում են, սակայն խնդրի լուծումը ավելի շատ մշակութային և կրթական ոլորտներում է:

«Եթե դիտարկենք, թե որտեղ է խոսքի ազատության սահմանը, և որտեղ է այն վերածվում ատելության խոսքի, ապա շատ դժվար է տարանջատել, և ցանկացած իրավական կառուցակարգ կարող է վնասել խոսքի ազատությանը։ Ուստի ես՝ որպես իրավապաշտպան, կարծում եմ, որ պետք է սահմանազանցումների պարագան դիտարկել միայն բռնության կոչերը և մնացած պարագաներում պետք է այդ ամեն ինչը դիտարկել որպես մշակութային խնդիր», - նկատեց Հովհաննիսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանվածության առումով դանդաղ, սակայն վիճակը բարելավվում է, սակայն հենց իրավապաշտպանները հեղափոխությունից հետո սկսել են թիրախավորվել:

«Մի կողմից դա կատարվում է միտումնավոր, հատկապես այն անձինք, ովքեր կորցրել են իշխանությունը և այդտեղ տեսնում են նաև իրավապաշտպանների գործունեության արդյունքը. տարիներ շարունակ երկարատև բարձրաձայնելով մարդու իրավունքների վատ վիճակը Հայաստանում, կարծես, նաև հանրային գիտակցությունը նախապատրաստվեց հեղափոխության, և այդտեղ իրավապաշտպաններն ունեն այսպես ասած՝ «իրենց մեղքը» նրանց տեսանկյունից։ Եվ այդ պատճառով, իհարկե, այդ խմբերը թիրախավորում են իրավապաշտպաններին, բայց մենք նաև ունենք պետության տեղեկատվական գործառույթների թերացում, երբ պետությունը բավարար աշխատանք չի կատարում քաղաքացու հետ», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

«Ազատության» հետ զրույցում քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց. «Ես Հայաստանը շատ եմ սիրում և հույս ունեմ, որ մենք կկարողանանք կառուցել հիմա, թե մի քիչ ավելի ուշ հոյակապ երկիր՝ մարդու իրավունքների պաշտպանությունով և ամեն ինչով։ Այսօրվա մասին ասել ինձ համար բարդ է, որովհետև թռիչքի ժամանակ շատ բաներ են լինում, որոնք հետո են զգացնել տալիս, դրա համար չեմ ուզում հիմա որևէ գնահատական տալ»։

Մեկ այլ քաղաքացի էլ կարևորեց, որ այսօր բոլորը կարող են առանց վախենալու իրենց կարծիքն արտահայտել, իսկ նախկինում չէին կարող բարձրաձայնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG