Մատչելիության հղումներ

«2020-ին Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ բարոյական արդարացում»․ Փաշինյան


2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ դուրս է գրվել 106 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի, որը շուրջ 303 միլիարդ դրամի ավելի արձանագրված ապրանքաշրջանառությունն է։ Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ։

«Սա, իհարկե, շատ լավ է։ Բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման առումով։ Սրանք բավական լավ ցուցանիշներ են։ Բայց արդյո՞ք մենք գոհ ենք, ընդհանուր առմամբ, այս ցուցանիշներից։ Արդյո՞ք մենք մտածում ենք, որ այսօր բոլոր առևտրային գործարքները Հայաստանում արվում են ՀԴՄ կտրոնի թողարկմամբ կամ հաշիվ ապրանքագրերի դուրս գրմամբ։ Բոլորս էլ գիտենք, որ այս հարցի պատասխանը բացասական է, այնուամենայնիվ մեր երկրում կա հսկայական ստվերային առևտրաշրջանառություն», - նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, երբ հեղափոխությունից հետո սկսեցին զբաղվել թաքնված ապրանքաշրջանառությունը ջրի երես հանելու հարցով, հանրայնորեն հնչել է քննադատություն, որ երբեմն մարդիկ ստիպված են ՀԴՄ կտրոն չտպել հացի փող աշխատելու համար, ինչից հետո տեղի են ունեցել փոփոխություններ Հարկային օրենսգրքում և տրվել են արտոնություններ միկրոբիզնեսին։

«Այդպես տարեկան մինչև 20 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկությունները ազատվում են հարկային պարտավորություններից, այսինքն՝ նրանք ազատվում են հարկերից։ Սա ինչո՞ւ մենք արեցինք, որ ՀԴՄ կտրոն թողարկելու և հացի փող աշխատելու ինստիտուտները իրար չհակադրվեն։ Հետևաբար ՀԴՄ չտպելու լեգիտիմությունը 2020 թվականի հունվարի 1-ից ուղղակի վերանում է։ Մարդկանց՝ հացի փող աշխատելու հանգամանքը նոր իրավիճակում հնարավոր է հաստատել միայն ՀԴՄ կտրոններ թողարկելու միջոցով, որովհետև պիտի թողարկեն ՀԴՄ-ներ, որի արդյունքում պիտի հաշվարկվի նրանց շրջանառությունը, ինչից հետո պետք է արձանագրվի, որ պետությունը նրանց հարկային պահանջներ չպիտի ներկայացնի», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականի պետական բյուջեի եկամուտները ըստ բյուջեի մասին օրենքի պետք է 2019-ից 356 միլիարդ դրամով ավելի լինեն։

«Սա ուրախալի է, սակայն մեր ամբողջ պոտենցիալը չէ», - նշեց վարչապետը։ Ըստ Փաշինյանի, ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորից, որովհետև 2019 թվականին նոր բյուջետային մուտքերի շնորհիվ բանակում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ի՞նչ միջոցներով ենք արել այդ ամենը, արել ենք բյուջեի նոր եկամուտների շնորհիվ», - ասում է վարչապետը։

«Նոր տարվա զանգերից հետո Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա է։ Երկար տարիներ միշտ ասվել է՝ համախմբվենք, մեր ազգային հարցերը լուծենք, սա համախմբվելու ձևերից մեկն է», - վստահ է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG