Մատչելիության հղումներ

Չնայած բարեփոխումներին, բանտերում մահվան դեպքերի թիվը չի նվազում. Դիտորդական խումբ


Կալանավայր Հայաստանում, արխիվ

Արդարադատության նախարարությունն արձանագրել է քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող Հասարակական խմբի առանձնացրած խնդիրները՝ մահվան դեպքեր, կոռուպցիոն դրսևորումներ, խոցելի խմբերի դատապարտյալների նկատմամբ խտրական վերաբերմունք, հանցավոր հիեարարխիկ հարաբերություններ:

Փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ իրենց մշակած ռազմավարությունը նաև այս խնդիրներին է լուծում տալու: Նա չի կարող ասել, որ կոռուպցիան առհասարակ արմատախիլ է արվել, բայց վստահ է՝ համակարգային բնույթչի կրում: Որպեսզի կոռուպցիան արմատախիլ արվի, դիտարկում են բանտի աշխատողների աշխատավարձի բարձրացումը։

«Ներկայումս քրեակատարողական ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում համակարգային կոռուպցիայի մասին խոսել չենք կարող։ Այս հարցում կարող են ինձ հետ իմ գործընկերները համաձայնել, չեմ բացառում առանձին անհատների կողմից կոռուպցիոն բնույթի գործարքների իրականացում, կոռուպցիոն երևույթների դրսևորում, բայց նախկինում գոյություն ունեցած կոռումպացված համակարգն այլևս գոյություն չունի։ Քրեակատարողական ծառայության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվելու է 30 տոկոսով», - ասաց նա։

Փոխնախարարը թվեց՝ հեղափոխությունից հետո սկսել է գործել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այն արդեն ունի մի քանի նեղ մասնագետներ, բայց կադրերի խնդիր դեռ կա: Ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչական մարմնի պաշտոնյան ասում է՝ անազատության մեջ գտնվող անձինք նույնպես կունենան քաղաքացիական հիվանդանոցում հասանելի ու անվճար որոշ ծառայություններ ստանալու լայն իրավունքներ:

Որպես ձեռքբերում փոխնախարարը նշեց մասնավոր սեկտորի կողմից ՔԿՀ-ներին սննդի մատակարարման քայլը: Նրա խոսքով՝ տարիներով բարձրաձայնվող խնդիրը՝ բարելավել պատժի կրման պայմանները նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է: Չնայած այս ամենին, դիտորդական խմբի անդամները պնդում են՝ բանտերում մահվան դեպքերի թիվը չի իջնում. թե նախորդ և թե այս տարի 18 մահվան դեպք է գրանցվել:

Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանն ընդունեց՝ խնդիր կա։ Նա ասաց՝ անվտանգության ու պահպանության ապահովման ոլորտում կադրերի խիստ պակաս ունեն, հոգեբանների թիվը նույնպես քիչ է։

«Այս պահին այս դրությամբ մենք չենք կարողանում ապահովել հաստիքային միավորների քանակը, և դրա իսկ պատճառով որը որ կանխարգելիչ աշխատանք հնարավոր է իրականացնել, նույն դռնակներից կես ժամը 1 պարբերականությամբ կամ 1 ժամը 1 պարբերականությամբ ստուգելու, թե տվյալ դատապարտյալը կամ կալանավորն ինչ վիճակում է գտնվում, արդյոք իր վարքագծի մեջ փոփոխություն նկատվել է, թե ոչ, ցավոք, չենք կարող արձանագրել, քանի որ չունենք համապատասխան հաստիքային միավորներ», - ասաց Ռուբեն Դարբինյանը։

Դիտորդական խմբի անդամ Արա Ղարագյոզյանը ևս մեկ մտահոգիչ թիվ է առանձնացնում՝ ինքնավնասումների 612 դեպք՝ նախորդ տարի: Ղարագյոզյանի կարծիքով՝ պատճառները մի քանիսը քրեական գործերի դժգոհություններից մինչև ՔԿՀ-ների աշխատակիցների վատ վերաբերմունք երբեմն: Դիտորդատական խումբն արձանագրել է՝ բանտերում ինքնավնասման ու ինքնասպանության դեպքերը տեղի են ունենում հատկապես խոցելի խմբերի շրջանակներում:

«Դեպք ունեցանք 2018-ին արձանագրված, երբ սեռական կողմնորոշում ունեցող անձանց ՔԿՀ-ի աշխատակիցներն անընդհատ ոտքին թուք էին ներարկել, քանի որ անընդհատ, պարբերաբար վատ վերաբերմունքի էին ենթարկում, մենք հետևեցինք այդ գործի ընթացքին, այդպես էլ քրեական գործ չհարուցվեց։ Այսքան տարիների ընթացքում որևէ դեպք չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության դեպքերի հետ կապված, և ինքնավնասումները նաև լինում են տարբեր բնույթի՝ երակներ են կտրում, մեխ են կուլ տալիս, ոտքերն են գամում հատակին և այլն»,- պատմեց Արա Ղարագյոզյանը։

Թեև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ անազատության մեջ գտնվողներից ոչ ոք մյուսից առավել չի իրենց համար, բայց դիտորդական խմբի անդամները պնդում են՝ այսպես կոչվող «զոն նայողները» դեռ մնում են իրենց դոմինանտ դիրքում: Դիտորդական խմբի անդամներից Զարուհի Հովհաննիսյանն ասաց՝ հենց նրանք են հաճախ ազդում անազատության մեջ գտնվող անձանց վրա, որպեսզի գիտակրթական ծրագրերից վերջիններս հեռու մնան:

«Քրեական ենթամշակույթին այնքան էլ հարիր չէ թույլ տալ իր ազդեցության տակ գտնվող անձանց մասնակցել այդ միջոցառումներին, և շատ հաճախ, երբ կրթական միջոցառումներ են լինում, ավելի քիչ թվով մարդիկ են ներգրավվում։ Իհարկե, էս 1 տարվա ընթացքում դինամիկան մի փոքր փոխվել է, ցանկությունն ավելացել է, բայց այնուամենայնիվ կա այդ խնդիրը», - նկատեց Հովհաննիսյանը։

Դիտորդական խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանն էլ հավելեց՝ անգամ եթե օրենքով պատժելի է դառնում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ դրան հարելը՝ հատկապես փակ հաստատություններում, միայն օրենքի ընդումամբ խնդիրը չի լուծվելու. - «Այնպես չէ, որ այդ ենթամշակույթը կարելի է 1 օրում օրենքով փոխել, դա տասնամյակների արմատացած հսկա համակարգ է՝ շատ լուրջ ներուժով, ֆինանսական ռեսուրսներով, մինչև ձենը դուրս չգա, ուրեմն իրական պայքար չի տարվում», - շեշտեց նա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG