Արցախում այսօր տոնում են պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․ - «Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման: Մեր պետականաշինության ճանապարհին կարևոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար»:
«Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները», - Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Բակո Սահակյանը:
Արցախի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Շնորհավորելով Արցախում նշվող «եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ», Արմեն Սարգսյանը շարունակում է․ - «Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին»:
«Արցախի անկախության հռչակումը համազգային երազանքի մի մասն էր, Արցախի Սահմանադրության ընդունումը՝ այդ երազանքի իրավական ամրագրումը: Այսօր մեր հավաքական կամքն ունի իրացման այլ ճակատ՝ ազատ ու անկախ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հզորացում և բարգավաճում: Այդ ճանապարհը շարունակելու ենք անցնել միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ դա հաջողության և հաղթանակի ուղին է», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: