Սերժ Սարգսյանի անունը Մարտի 1-ի հանցագործությունների փաթեթին մասնակցության և հնարավոր մեղսակցության մասով և այլ գործերով էլ ենք լսելու, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
«Ազատություն»․ - Պարոն Բարսեղյան, Հանրապետականը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական հետապնդում է:
Բարսեղյան․ - Զարմանալի կլիներ, որ Հանրապետականը չհայտարարեր այդպես: Ես իրենց հասկանում եմ մարդկայնորեն, որովհետև տասնամյակներով եղել եմ իշխանության գլուխ ինչ ուզել արել, իրենց անմեղսունակ առաջնորդի ասածով երկիրը ոնց կարողացել, էնպես ասպատակել են և հիմա մեկ էլ զրկվել են իշխանությունից: Գուցե միամիտ հույսեր են ունեցել, թե կանցնի կգնա, դե լավ կմոռանան, խաչ կքաշեն և չեն նայի, վենդետա չի լինելու արտահայտությունը բացարձակ սխալ են հասկացել, և հիմա մեկ էլ պարզվում է, որ, չէ, ինչ-որ պատասխանատվության հարցեր են բացվում: Դատավորները ձեր նշանակածներն են, քննիչները ձեր նշանակածներն են, դատախազները ձեր նշանակածներն են: Այդ երեք համակարգում փոխվել է երևի թե մի 20 հոգի, ընդամենը, ու ի՞նչ է պատահել, փաստաբանները, խնդրեմ, իհարկե, կարող եք օգտվել ձեր ունեցած փողերով փաստաբանների ծառայություններից, գնացեք և պաշտպանեք ձեր առաջնորդին: Մեղադրանքը թող փլվի, մեղադրողները խայտառակ լինեն, ոչինչ լինելու է, շատ են ողբալու և շատ են խոսելու: Դա դեռ մի չնչին բան է, ընդամենը դիզելի գործ է, իսկ այն կասկածները, որ հանրությունն ունի և ողջամտորեն ունի Սերժ Սարգսյանի մասնակցության և հնարավոր մեղսակցության մասով Մարտի 1-ի հանցագործությունների փաթեթին և ուրիշ իրադարձությունների նեգատիվ իմաստով, դրանք դեռ, ինձ թվում է, որ առաջիկայում են, և մենք կլսենք այդ մասին:
«Ազատություն»․ - Իսկ Մարտի 1-ի գործով բուն դատավարության մասին, որ այդպես էլ, ըստ էության, չի մեկնարկում, միայն մինչդատավարական փուլն է, Քոչարյանն ասում է՝ «իմ իրավունքն է միջնորդություն ներկայացնելը», մյուս կողմն ասում է՝ «միտումնավոր ձգձգում են»:
Բարսեղյան․ - Սա դատավարական, տակտիկական, մարտավարական հարց է, դրանք այդպես էլ պիտի լինեն իսկապես, որ փուլում կամենա և օրենքով չկա արգելք ու չի էլ կարող լինել արգելք՝ միջնորդություններ ներկայացնել: Պատկերացրեք 5 մեղադրյալ կոնկրետ այս խմբում և հազար ու մի միջնորդությունների առիթներ և հիմքեր դժվարանում եմ ես ասել՝ սա իրենց օգտին է աշխատում, թե իրենց դեմ, բայց իրենց իրավունքն է: սա վիճարկելու բան չէ, իսկ ընդհանուր առմամբ 800, թե 900, թե 1000 վկա ընթացքում էլ երևի էլի մի քանի 100-ը ի հայտ կգան, ընդամենը դատավարական ընթացակարգերի ժամային հաշվարկ, որ անեք կտեսնեք, որ էս ամբողջ բուն դատավարությունը առանց միջնորդությունների կարող է տևել 5-ից 6, 7 տարի, ի՞նչ անենք: Եթե վկան գործի համար համարվում է արժեքավոր և՛ միջնորդված է, և՛ պիտի դատակոչվի, ուրեմն պիտի դատակոչվի և լսվի, որովհետև չգիտենք՝ դա կլինի մեղադրյալի օգտին, թե դեմ: Նույն պաշտպանները և նույն մեղադրյալները պիտի շահագրգիռ լինեն, որպեսզի բոլոր ընթացակարգերը պահպանվեն, խախտումների դեպքում՝ պիտի բարձրաձայնվեն: Ես հասկանում եմ նաև տուժողների իրավահաջորդների դժգոհությունը, թե շուտ անենք, բայց օբյեկտիվորեն ժամանակն է, որ իրենք հաշտվեն այն մտքի հետ, որ սա երկար, ծանր պրոցես է՝ աննախադեպ լինելուց զատ նաև բազմադրվագ է:
«Ազատություն»․ - Իրենց փաստարկն այն է, պարոն Բարսեղյան, որ Քոչարյանը միտումնավոր ձգձգում է՝ սպասելով Սահմանադրական դատարանից ինչ-որ որոշման, նա չի ուզում, որ բուն նյութերը բերեն դատարանում ներկայացվեն:
Բարսեղյան․ - Իհարկե, այդ մտահոգություններն էլ կան, բայց թող որ միամիտ հնչեմ, պիտի ասեմ, որ որևէ մեկը թող հույս չունենա ընդհանրապես պատմական արդարության տեսանկյունից, որ պլստալու է, ինչ ուզում է անեն, ինչպես ուզում է ձգձգեն, արդարությունը ի վերջո հաղթանակելու է, անպայման լինելու է հատուցում:
«Ազատություն»․ - Վրեժխնդրության մասով կարո՞ղ եք մեկնաբանել, չէ՞ որ դա Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկներից մեկն է, որ «Փաշինյանն իմ օրոք հայտնվեց բանտում, հիմա էլ ինքն է ինձ հետ այդպես վարվում»:
Բարսեղյան․ - Դա իր տեսակետն է, ինքն իրավունք ունի մանավանդ մարդը նեղված է հիմա, իհարկե, ազատությունից զրկված, կարող է ինչպես ասեք պաշտպանվի: Ես արդարության մասին խոսելիս չեմ սկսում հիշել, որ վայ Նիկոլին բռնել փակել են, 130 հոգու փակել են, քանի հոգու սպանել են, էս են արել, էն են արել, ես համարում եմ, որ մարդկանց ազատ արտահայտման, ազատ քվեի, ազատ տեղաշարժի, հավաքների ազատության իրավունքը ոտնահարվել է զանգվածայնորեն, կազմակերպված կերպով, իշխանության կողմից: