Հյուսիսային Կորեայի ղեկավարը կարող է կորցնել ամեն ինչ, եթե հանկարծ որոշի հրաժարվել երկրի ապամիջուկայնացման ծրագրից: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կիմ Չոն Ունը չափազանց խելամիտ է և շատ բան ունի կորցնելու: Իրականում նա կարող է ամեն ինչ կորցնել, եթե սկսի թշնամական գործողություններ ձեռնարկել», - գրել է Թրամփը` մեկնաբանելով ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Սոնի վերջին հայտարարությունները:
Կորեացի դիվանագետը նշել է, որ իր երկրի` միջուկային զենքից հրաժարման հարցն այլևս Վաշինգտոնի հետ բանակցությունների օրակարգում չէ: Բացի այդ, Սոնը նշել է, որ օրերս Փհենյանը սպառազինության կարևորագույն փորձարկումներ է իրականացրել:
Դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ սպառազինության մասին է խոսքը: CNN-ի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեան նորագույն հրթիռային շարժիչների փորձարկումներ է իրականացրել: