Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չկա


Հայաստանի երրորդ նախագահը անցած շաբաթ հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում: Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ Սերժ Սարգսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետությունից շուրջ կես միլիարդ դրամի յուրացում:

Պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը նրա գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը համարում է քաղաքական հետապնդում:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չկա, հակադարձում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Անդրանիկ Քոչարյան․ - Կոնկրետ քրեական գործ է հարուցված՝ կոնկրետ ապացույցների հիման վրա, և էստեղ քաղաքական հետապնդման մասին պարզապես ասել կարիք չկա, որովհետև որևէ հետապնդում գոյություն չունի: Քրեական գործ է, կանչել են պարոն Սերժ Սարգսյանին, վերցրել են բացատրություն, և դրանից առաջ այլ քրեական գործով անցնող պաշտոնյաներից ևս բացատրություններ վերցրել են, և սպասենք դեպքերի զարգացումը ոնց պետք է լինի:

Մեղադրանքը առաջադրված է, այսօր ես մամուլից տեղեկացա, որ Սերժ Սարգսյանից վերցրել են նաև իր անձնագրերը, և, բնականաբար, Հանրապետական կուսակցությունը պետք է իր անհանգստությունները ներկայացներ հայտարարությունների տեսքով՝ այն, ինչ որ տեղի է ունեցել:

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հիմա որպես, ես ինչքան գիտեմ, վկա է անցնում, և շատ հնարավոր է, որ նախաքննական մարմինը այլ ապացույցներ համադրելով կամ ձեռք բերելով՝ վկայի կարգավիճակից փոխվի մեկ այլ կարգավիճակի: Էնպես որ, որևէ բացատրություն տալ, թե դեպքերը ոնց կզարգանան, պարզապես այս պահին հնարավոր չի:

Այս պահին ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ունի վկայի կարգավիճակ Մարտի 1-ի գործով, մեկ այլ գործով հիմա ինքը ունի մեղադրյալի կարգավիճակ, և շատ հնարավոր է՝ ի հայտ գան այլ գործեր, որտեղ այլ կարգավիճակներով հանդես գա պարոն Սարգսյանը:

Նախաքննական մարմինը բազմավեկտոր քննություն է իրականացնում տարբեր ոլորտներում, և ոչ մեկը չգիտի, նախկինում իր արած գործողությունների համար այսօր պատասխան տալու ժամանակն է եկել, և այդ պատասխանները պետք է պատրաստ լինեն շատերը տան, որովհետև խոսքը վերաբերում է մեր երկրի կառավարման ընթացքում իրականացրած հանցագործությունների, որոնց բացահայտումը արդեն դարձել է իրականություն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 9-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG