Պետական պարտքի ծավալը 2019-ի ավարտին կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի կանխատեսել էին, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանմամբ՝ պատճառը վարկային միջոցներով ծրագրերի իրականացման ցածր ցուցանիշն է:
«Բացի նրանից, որ մենք կունենանք համեմատաբար ցածր անվանական ցուցանիշ, մենք կունենանք նաև համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ պարտք հարաբերակցությամբ: Եթե մենք կանխատեսել էինք 19-21 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրում, որ մենք աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև և այդուհանդերձ 19 թվականին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտքը հարաբերակցություն, հիմա մենք կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից փոքր-ինչ ավելի և 50 տոկոսից ցածր 19 թվականի արդյունքներով», - ասաց ֆինանսների նախարարը:
Ջանջուղազյանի խոսքով՝ արդեն հաստատված 2020-ի բյուջեով իրենք ակնկալում են, որ հաջորդ տարի պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կկազմի մոտ 48,2 տոկոս:
«Ունենք տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական: Այսինքն՝ Հայաստանը շարունակում է համարվել պետական պարտքի տեսակետից որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարար Ջանջուղազյանն իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ մի շարք թեմաների։ «Ազատության» հարցին ի պատասխան նախարարը պարզաբանեց, թե ինչու են նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել, որն ընդդիմադիրների գնահատմամբ բացասաբար կանդրադառնա տնտեսական աճի վրա։
Ջանջուղազյանի խոսքով այդ խնդիրը նոր չէ․ «Հիմնական մասը կապիտալ ծախսերի կապված է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հետ և միշտ ներքին ռեսուրսների հաշվին կատարվող ծախսերը կատարվել են 100-ին մոտ տոկոսի չափով, իսկ արտքին աջակցությամբ իրականացվող կապիտալ ծախսերը էականորեն տարբերվող 100 տոկոսից: Ինչո՞վ էր պայմանավորված այդ իրավիճակը, պայմանավորված էր մի կողմից նրանով, որ ըստ էության պլանավորմանը 0 ուշադրություն էր դարձվում մարմինների կողմից», - ասաց Ջանջուղազյանը:
Նախարարն ասում է՝ հիմա կապիտալ ծախսերի վրա ազդող ևս երկու գործոն է ավելացել, առաջինը՝ ներքին ռեսուրսների հաշվին ծախսերի ավելի մեծ տարածքն է, երկրորդը՝ կապիտալ ծախսերով արվող աշխատանքի հանդեպ իրենց մոտեցման փոփոխությունն է:
«Մենք ուզում ենք, որպեսզի մենք ոչ թե յոլա գնալու, ոչ թե ինչ-որ մի կերպ անել այս ծրագիրը, այլ ուզում ենք դա անել լավագույնս: Էս երկուսը լրացուցիչ մինչ այս նկարագրածին գործոններ են և սրանցով պայմանավորված մենք հիմա ունենք համեմատաբար ցածր կատարողական», - նշեց նախարարը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունեց՝ Առողջապահության նախարարության ներկայացրած պարտադիր առողջական ապահովագրության ներդրումը տնտեսական բեռ է դառնալու: Ասում է՝ ստացվում է, որ մի կողմից հարկային բեռն են իջեցնում, որ ազատված միջոցներով տնտեսվարողները ներդրումներ կատարեն և նոր արդյունք ձևավորեն, մյուս կողմից էլ նոր բեռ են ավելացնում:
«Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի կամ վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետև նույն վարձու աշխատողը, եթե խնայողություններ գեներացներ դրա փոխարեն, կարող է ինքը ներդրումներ կատարեր, օրինակ, նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների հաջողությամբ իրականացնելու պայմաններում, թեկուզ փոքր մասնաբաժիններով կարող էր ինքը ներդրումներ կատարել, դրանով էլի հավելյալ արժեք ստեղծելու պոտենցիալ ձևավորելով: Հիմա կստացվի, որ էդ ներդրման փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում», - ընդգծեց Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով՝ հարցը լայն քննարկումների կարիք ունի, Ատոմ Ջանջուղազյանն ասում է՝ միգուցե պետք է քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ օգտագործելով պետության՝ առողջապահության վրա ծախսվող միջոցները․ «Ինչպես օրինակ էդ ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել այդ ապահովագրության խնդիրը, միևնույն ժամանակ չբարդացնելով կամ չծանրացնելով այդ բեռը տնտեսվարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է ապահովագրությանն ուղղել քաղաքացիների եկամուտների 4-6 տոկոսը, Ջանջուղազյանն էլ իր նախընտրելի թիվն է նշում․ «Իմ նախընտրած շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Այսինքն՝ ստեղ հարցը չափի մասին չի, հարցը ուղղության մասին է: Մենք այդքան էլ վստահ չենք, որ ճանապարհը առաջարկվող կհասցնի այդ արցունքներին առանց կորուստների, որովհետև ենթադրվում է, որ այդ բնագավառում այդպիսի կարգավորումների առկայությունը, ըստ էության, խոշոր հաշվով շատ կոպիտ համեմատություն, եթե անենք, կվերածի պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման և այդ պետական ամբողջական ֆինանսավորման մոդելը համենայն դեպս մեր տարածքում, ճիշտ է, ոչ Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում էլ այդպիսի փորձ նույնիսկ եթե էն սկզբնական շրջանում արվել է, եղել է և դժվար է գնահատել, որպես ամենահաջողվածը: Տարբերակումը պետական պատվերի շրջանակում բուժման և ոչ պետական պատվերի շրջանակում բուժման ենթադրում է, որ իր մեջ արդեն խնդիրներ է պարունակում և հետևաբար, եթե մենք էդ ճանապարհով գնանք, ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունը իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է նաև նույնիսկ դիտարկվել խնդրահարույց», - ասաց նա:
Ի դեպ, անցյալ տարի տոնական շրջանում նախարարության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարները, որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին և քննադությունների արժանացան, այս տարի էլ են տրամադրվելու: