Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» և ԼՀԿ-ն հակադարձում են ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանին առնչվող գործընթացը բացառապես իրավական է


Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» շարունակում է բացառել Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, գործընթացը բացառապես իրավական են համարում։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեղադրանքը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է դիտարկում՝ բերելով իրենց թիմակցի օրինակը:

«Նույն օրը կոռուպցիայի հետ կապված տեղի է ունեցել երկու հանրային հրապարակում՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսն առնչվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար պարոն Գևորգ Լոռեցյանին, և հետևաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որևէ զիջում այդ առումով, կապ չունի` մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որևէ կուսակցության ներկայացուցիչ է», - նշեց Մակունցը:

Պնդելով քաղաքական հետապնդման մասին ՀՀԿ հայտարարությունը՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է» և արագացնում է, նրա ձևակերպմամբ, «հականիկոլական կոնսոլիդացիան»։

Նման կոնսոլիդացիայի մաս դառնալը բացառում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունը:

«Բացառում ենք հին ուժերից որևէ մեկի հետ մեր համագործակցությունը, որովհետև մենք գնում ենք առաջ, և այդ ուժերը, եթե ուզում են վաղվա Հայաստանում լինեն, պետք է վերանայեն իրենց գործունեությունը, առաջին հերթին ընդունեն իրենց կատարած սխալները: Կոչ կանեմ պարոն Աշոտյանին վերադառնալ իրականություն և իրոք շփվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ և ոչ այն քաղաքացիների հետ, ովքեր իրենցից աշխատավարձ են ստանում: Կարծում եմ 10 քաղաքացու հետ շփվելուց հետո պարզ է՝ Աշոտյանը կվերադառնա իր գրասենյակ և այլևս կմոռանա որևէ պրոցեսի կոնսոլիդացիոն կենտրոն լինելու մասին», - ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նախագահական երկու ժամկետ պաշտոնավարած և արդեն որպես վարչապետ ժողովրդի ճնշմամբ իշխանությունից հեռացած Սերժ Սարգսյանին առաջադրված մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանքը «Լուսավոր»-ը ևս քաղաքական չի համարում։ Գորգիսյանն անգամ կարծում է՝ Սերժ Սարգսյանի համար գործը «շատ փոքր» է:

«Կարծում եմ շատ փոքր գործով են նրան ներգրավել, և եթե խոսքը վերաբերում է կես միլիարդ դրամին, Սերժ Սարգսյանը մի երկու էդքան էլ վրան կարող է դնել, փոխհատուցել և գնալ: Ես հույսով եմ, որ սա չի լինի հերթական շոուն ինչ-որ թեմաներից, օրինակ, վերջերս մեր բարձրաձայնած քաղաքապետարանի կոռուպցիոն թեմաներից հասարակությանը, հանրությանը շեղելու որևէ փորձ-քայլ, այլ իրապես կզբաղվեն այդ հարցերով, և եթե կա որևէ հանցակազմ, ապա մեղավորները կպատժվեն», - ընդգծեց Գորգիսյանը:

Անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանում հայտնվելու համար անցողիկ 5 տոկոսի շեմը չհաղթահարած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր նաև արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից է խոսել՝ այս ԱԺ-ը համարելով մեռելածին։

«Լուսավոր»-ից Գևորգ Գորգիսյանը նախ ասաց՝ արտահերթի անհրաժեշտություն չի տեսնում, բայց եթե վաղն էլ անցկացվեն, ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվելու շանս չունի։

«Նրանց գործունեությունը դա վատագույնի շափանիշն էր, և ըստ այդմ, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան ասել, որ վատ է եղել, ցույց ենք տալիս՝ ինչպես էր դա անում Հանրապետականը, այսինքն՝ այն, ինչ չի կարելի անել: Հիմա գնահատականներ տալուց ես նրա փոխարեն ավելի զգույշ և հաշվենկատ կլինեի», - ասաց ԼՀԿ-ի քարտուղարը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդհանրապես արտահերթի մասին խոսելն է կեղծ օրակարգ համարում։

«Ի՞նչ հիմքով պետք է պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ», - ասաց Մակունցը:

Աշոտյանն այսօր անդրադառնալով Հանրապետականի ղեկավարի խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությանը, հայտարարել էր, թե չնայած դրան՝ իրենք շարունակելու են նախապատրաստել Սերժ Սարգսյանի այցերը արտերկիր: «Տեսնենք՝ քանի գլխանի է իշխանությունը, որ թույլ չտա Սարգսյանին որոշ ժամանակով բացակայել երկրից», - հավելել է:

«Իմ քայլ»-ից Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն ասում է՝ լեգիտիմ ընտրված իշխանությունն ունի բավարար կամք ու ռեսուրս՝ երկրում կանխելու որևէ հակաիրավական գործողություն:

«Դա կլինի ապօրինի սահմանահատելու փորձ, թե պարտիզանական մարտեր մղելու իշխանության դեմ, էս բոլորը դատապարտված են: Որևէ մեկի մտքով չանցնի Հայաստանի Հանրապետության պետության դեմ փորձի կատարել հակապետական, հակաիրավական գործողություններ, այդ ամենը ճնշվելու են, ճնշվելու են ամենախիստ ձևով», - նշեց Կարապետյանը:

XS
SM
MD
LG