Մատչելիության հղումներ

Կունցևո շրջանի դատարանը պայմանական անազատության դատապարտեց ակտիվիստ Եգոր Ժուկովին


Ռուսաստանցիները դատարանի մոտ սպասում են Եգոր Ժուկովին, 6-ը դեկտեմբերի, 2019թ․
Ռուսաստանցիները դատարանի մոտ սպասում են Եգոր Ժուկովին, 6-ը դեկտեմբերի, 2019թ․

Ռուսաստանցի անկախ փորձագետները համարում են, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքերով այսօր կերտեցին ազատ ռուսաստանցիների նոր առաջնորդի:

Մոսկվայի Կունցևո շրջանի դատարանի մոտ հավաքված ռուսաստանցիներն այսօր դիմավորեցին Տնտեսության բարձրագույն դպրոցի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող Եգոր ժուկովին, ում դատապարտել են երեք տարվա պայմանական անազատության՝ հուլիսին Մոսկվայում կայացած ցույցերին մասնակցելու կոչերի համար, որակելով այդ կոչերը որպես էքստրիմիստական գործողությունների կոչեր։

Դատախազությունը երեկ պահանջել էր չորս տարվա ազատազրկման դատապարտել ուսանողին, երեկ ռուսական համացանցում սա ամենաքննարկվող թեման էր: Հայտնի երաժիշտները, բլոգերներն ու լրագրողները կոչ էին արել մոսկվացիներին հավաքվել դատարանի շենքի մոտ այսօր առավոտյան։ Կոշտ քննադատել էր իշխանություններին նաև հայտնի բլոգեր Յուրիյ Դուդը։

Չնայած ռուսաստանցիների դժգոհության մեծ ալիքին համացանցում, այսօր դատարանի մոտ հավաքվել էին ընդամենը մի քանի հարյուր մարդ։ Բայց նույնիսկ մի քանի հարյուր մարդը բավարար էր, որ իշխանությունները փոխեին իրենց որոշումը, և հասարակական ճնշման արդյունքում Ժուկովը մնաց ազատության մեջ, ինչին քչերն էին հավատում։

Ինքը՝ Ժուկովը դատարանի այս որոշումը հաղթանակ չի համարում։ Դատարանում հավաքված լրագրողներին 21-ամյա ուսանողն ասել էր, որ սա հաղթանակ չի, քանի որ ինքը մեղավոր չի և հավելել էր, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը:

Եգոր Ժուկովի դատավարության հետ մեկտեղ այսօր ևս երեք դատավարություն է անցել Մոսկովյան գործի շրջանակներում: Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Մոսկվայի գործի շրջանակներում Վլադիմիր Էմելիանովին դատապարտել է երկու տարվա պայմանական անազատության՝ Ռոսգվարդիայի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Մեղադրող կողմը պահանջել էր չորս տարվա ազատազրկում:

Մեղադրող կողմը պնդել է, թե հուլիսի 27-ին Մսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ նա բռնել ու քաշքշել է Ռոսգվարդիայի ներկայացուցիչ Մաքսիմ Կոսովոյի հրազենային բաճկոնը, ինչը Կոսովոյին ցավ է պատճառել: Դատախազությունը այս գործողությունները համարել է բռնություն պետական պաշտոնյայի նկատմամբ:

Էմելյանովը այսօր հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում: Մոսկվայի մեկ այլ՝ Տվերսկայա շրջանի դատարանը Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից Պավել Նովիկովին դատապարտվել է 120 հազար ռուբլու տուգանքի:

Նովիկովը ջրով լցված պլաստիկ շշով հարվածել էր իրավապահին: Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Մոսկովյան գործին ներգրավված 32-ամյա Նովիկովի նկատմամբ, սակայն հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները և նրան դատապարտել տուգանքի: Մոսկովյան ցույցերի միակ մասնակիցը, որ այսօր դատապարտվել է իրական ազատազրկման Նիկիտա Չիրցովն է: Մոսկվայի Տվերսկայա շրջանային դատարանը նրան դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ակտիվիստը մեղադրվում էր հանրահավաքի ժամանակ ոստիկանության սերժանտ Յուրի Միխալենոկին հրելու մեջ:

Հիշեցնենք՝ Մոսկվայում հուլիսին և օգոստոսին անցել էին հանուն արդար ընտրությունների բողոքի ակցիաներ, որոց ժամանակ ոստիկանությունն ու Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, հազարավոր մարդկանց բերման էին ենթարկել, տասնյակ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել:

Հուլիսին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին Մոսկվայի դումայի ընտրություններին մասնակցելու համար: Ռուսաստանի լիբերալ ընդդիմությունը պահանջում է կարճել Մոսկովյան գործը:

XS
SM
MD
LG