Մատչելիության հղումներ

Երկրաշարժից տուժած 226 ընտանիք 2020-ին բնակարան կունենա


Տնակ Գյումրիում, արխիվ

2020 թվականին երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենա, պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է 3 մլրդ դրամ:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020 թվականների ծրագրի շահառու էր ճանաչվել Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5396 ընտանիք: Քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը վստահ է՝ մինչև 2020 թվականը պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված բնակարանների խնդիրը միանշանակ կլուծվի:

«Եթե մենք համեմատելու լինենք 19 թվականի բյուջեն 18 թվականի բյուջեի հետ, շուրջ չորս անգամ բյուջեն ավելացել է ծրագրի ուղղությամբ, ինչը միանշանակ ավելի իրատեսական է դարձնում 20 թվականի ծրագրի ավարտը, և եթե համեմատենք 20 թվականի բյուջեն, արդեն 20 թվականի բյուջեն 18-ի համեմատ մոտ վեց անգամ է ավել և 19-ի բյուջեի համեմատ մոտ երկու անգամ ավել է», - ասաց Արզումանյանը:

Խոսելով տնակների մասին՝ նշեց՝ ավելի քան 7200 տնակներ կան: Ասաց՝ փուլ առ փուլ, ըստ խմբերի, անդրադառնալու են ոչ հիմնական շինությունների խնդիրներին. «Առաջին հերթին, իհարկե, քանդման ենթակա կլինեն այն տնակները, որտեղ բնակվող չկա, այսինքն՝ ոչ հիմնական շինություն է, լքված է, ապրող չկա այստեղ, և մարդիկ թողել գնացել են: Երկրորդ հերթին, ըստ նախնական պատկերացումների, կլինեն այն ընտանիքները, ովքեր այլ բնակավայրերում ունեն սեփականություն, այլ հասցեներում, այսինքն՝ մարդիկ ունեն բնակելի տարածություններ, ու խոսքը համատեղ սեփականության մասին չէ, այլ այն դեպքերի, երբ ընտանիքի բոլոր անդամներն ունեն սեփականություն, այսինքն՝ դա միանձնյա սեփականատերերի մասին է կամ երբ որ բոլոր անդամները: Ցավով պիտի նշեմ, որ այդ թիվը մոտ 10 տոկոսից ավելին, այդ 760 ընտանիք նախնական գնահատականով էդ տիպի ընտանիքներ են, որոնք թեև այլ տեղ ունեն սեփականություն, դա կարծում եմ, որոշակի առումով համադրում է նաև ներքին միգրացիայի պատկերի հետ, այսինքն՝ կողքի գյուղում ունի սեփականություն, եկել է Գյումրիում ուղղակի ժամանակավոր բնակվում է տնակում»:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այս խնդրից՝ վստահեցնելով, որ հարցերը հերթով են լուծելու:

«Մենք հստակ ասում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտավորությունը, ուրիշ որևէ մարդ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունը իր նկատմամբ ունի պարտավորություն: Շատ լավ, մենք հասկանում ենք, որ կարան լինեն տեխնիկական խնդիրներ, կարան լինեն այլ խնդիրներ, ասում ենք՝ էլի կնայենք», - նշեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG