Մատչելիության հղումներ

«Երկու օր է փորձում ենք վերծանել՝ երեկ այդ մարդն ինչ էր ասում»․ բանավեճ «Իմ քայլ»-ականների և ԲՀԿ-ականների միջև


Խորհրդարանի նիստն այսօր ուղեկցվեց իշխող «Իմ քայլը» և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների բանավեճով։ Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում պատգամավորները նախ ներողություն էին խնդրում թեմայից շեղվելու համար ու արձագանքում միմյանց հասցեին հնչող մեղադրանքներին։

Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթից, ով անդրադարձավ որպես ներդրող Հայաստան եկած Աբու Դաբիի թագաժառանգի և քաղաքապետ Հայկ Մարությանի անարդյունք հանդիպմանը։

«Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների այդ իմաստով նաև կառավարման հնարավորություններին», - նշեց Ուրիխանյանը:

Արձագանքները իշխող խմբակցության կողմից չուշացան: «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմեց անմիջապես Գագիկ Ծառուկյանին, ակնարկելով, որ այս հարցի շուրջ ԲՀԿ առաջնորդին սխալ տեղեկություններ են տրամադրել:

«Խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված և չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են», - ասաց Քրիստինե Պողոսյանը:

Հաջորդած արձագանքներն ու պատասխաններն արդեն ավելի շատ վերաբերում էին, ըստ ԲՀԿ-ի, «Իմ քայլ»-ականներ երիտասարդ պատգամավորների չանցած ճանապարհին ու չունեցած հետագծին, ըստ «Իմ քայլ»-ականների, ԲՀԿ-ի՝ նախկին իշխանությունների հետ անցած ճանապարհին ու կոալիցիաների պատմություններին:

«Շատ սիրելի պարոն Աբովյանն անընդհատ ասում էր, որ լսեք պարոն Ծառուկյանի հարցազրույցները, լսում ենք, պարոն Աբովյան, ուշադիր լսում ենք, լսում ենք, բայց ահագին բաներ չենք հասկանում, որովհետև հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, և ընդհանուր միտքը հասկանալի չէ: Երկու օր է փորձում ենք վերծանել՝ երեկ այդ մարդն ինչ էր ասում և ինչի մասին», - հայտարարեց «Իմ քայլ»-ից Արփի Դավոյանը:

Դավոյանին արձագանքեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը․ «Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել, շատ պարզ բան՝ ձեր սիրելի քաղաքապետը, որը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի կարողանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը «Ազիզյաններն» են, իր տեղը «Գառնիկն» է, հիմա ի՞նչ անենք, չի կարողանում, էդ մարդը հնարավոր ներդրումները չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Սա է խնդիրը: Հիմա ստիպված եմ հիշեցնելու՝ եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը», ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»:

Ավելի ուշ ԲՀԿ-ն հայտարարեց քաղաքական բոյկոտ և հեռացավ Ազգային Ժողովի նիստերի դահլիճից:

ԲՀԿ-ի հայտարարությանը արձագանքեց այդ պահին հարցի զեկուցմամբ ամբիոնի մոտ գտնվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, ասելով, թե ներդրումների վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում, ավելին, ընդգծեց՝ ներդրումը չի ենթադրում Երևանի կենտրոնում հողերի նվիրատվություն:

«Եթե որոշակի ներդրողներ ենթադրում են, որ ներդրումները նաև ենթադրում են Երևան քաղաքի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, կարծում եմ, այդտեղ որոշակի խնդիրներ կա և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը և որտեղ են սկսվում համայնքային շահերը: Ես կարծում եմ՝ համայնքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար, այլ ոչ թե կոնկրետ մի ներդրողի», - ասաց Ավինյանը:

Երեկ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է միլիարդների ներդրում անել, բայց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հիասթափված հեռացել է։ Մարությանը ևս հերքել է այս տեղեկությունը, նշելով, որ պատշաճ կարգով ոչ աշխատանքային օրը ընդունել է հավանական ներդրողներին, որից հետո նրանցից որևէ արձագանք չեն լսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG