Մատչելիության հղումներ

Արցախում արդեն սկսվել է «ձայներ գնելու» գործընթացը, պնդում է ընդդիմադիր գործիչը


Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը տեղին է համարում Հայաստանի վարչապետի հերթական անդրադարձը Արցախում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին։

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի, առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած երեք թեկնածուների՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։ Վարչապետը կարևորել էր, որ առաջիկա ընտրությունն անցնի ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։

Միշտ էլ վտանգ կա, որ ընտրություններն Արցախում կարող են խախտումներով անցնել, կարծում է Հայկ Խանումյանը։ «Մշտապես էդ վտանգը կա, էդ մարտահրավերը կա, ամեն պահի, երբ որ հնարավորություն ունենան Արցախի իշխանությունները կամ իշխանական ուժերը, կեղծելու են էդ ընտրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը:

«Ազգային վերածնունդ»-ը պատրաստվում է համագումար անցկացնել հունվարին, սակայն կուսակցությունում արդեն համաձայնություն կա Խանումյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում։ Կիրակի օրվա հանդիպմանը, այդուհանդերձ, պատգամավորը հրավիրված չի եղել, ինչն արտառոց չի համարում․ - «Նախ, վարչապետը չի հանդիպել՝ վարչապետն ու Բակո Սահակյանն են հանդիպել, հանդիպել են Բակո Սահակյանի թիմակիցների հետ, այսինքն՝ մարդկանց, ովքեր աջակցել են Բակո Սահակյանին երրորդ՝ ապօրինի ժամկետում առաջադրվելու հարցում: Մենք քննադատել ենք էդ գործիչներին, հետևաբար՝ նրանց հետ նույն ձևաչափով քննարկումներին, բնականաբար, ես ներկա լինել չէի կարող»:

Չնայած ընտրություններն Արցախում անցկացվելու են մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, այժմ այնտեղ ակտիվ քարոզչական շրջան է, նշում է Խանումյանը՝ պնդելով, որ որոշ թեկնածուներ արդեն փորձում են գնել ընտրողների ձայնը տարբեր բարեգործական նախագծերի միջոցով։

«Ղարաբաղում այսօր աննախադեպ գումարներ են ծախսվում», - ասում է պատգամավորը, - «Էդպիսի գումարներ Հայաստանում երբեք չեն ծախսվել մեկ ձայնի հաշվով: Էս պահին էլ տարբեր հիմնադրամների միջոցով, տարբեր, չգիտեմ, կազմակերպությունների միջոցով գնում է տոտալ կաշառում ժողովրդին՝ իհարկե, դա ընտրակաշառք չէ էս փուլում, որովհետև քարոզարշավը սկսված չի, բայց տոտալ կաշառում է գնում՝ տարբեր ձևերով: Ենթադրենք՝ կազմակերպում են տարբեր ուսանողների կամ նրանց դասախոսների ճամբարներ դեպի Դիլիջան, Երևան կամ Սև ծովի ափեր, վաղուց է, էլի, սկսված՝ արդեն մի տարի է սկսված է, որը իրականացնում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կամ նրան համակրող հիմնադրամները, և այլն»:

Խանումյանի կարծիքով՝ հատուկ ուշադրության են արժանի այն ընկերությունները, որոնք սնուցում են այս օրերին ընտրողներին սիրաշահելով զբաղված հիմնադրամները․ - «Հիմնադրամներին գումարներ են մուծում արցախյան տարբեր տնտեսվարողներ, ենթադրենք՝ «Ղարաբաղ Տելեկոմ», որը, ինչպես գիտեք, կապի մենաշնորհային մոնոպոլիստ օպերատորն է, որոնց շահերը տարիներ շարունակ, անօրինական շահերը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտպանում են: Եվ էդպիսի տարբեր բաներ՝ տարբեր հիմնադրամներ են բացել, մարդկանց վարկեր են առաջարկում անտոկոս, կամ փոքր տոկոսներով փոխառություններ, և այլն»:

Ըստ Արցախի ընդդիմադիր պատգամավորի՝ Երևանի ջանքերի, մեծաթիվ դիտորդների ներկայության շնորհիվ հնարավոր է, որ ի վերջո Ղարաբաղում ընտրությունների օրը կեղծիք տեղի չունենա, սակայն մինչև ընտրությունները արդեն սկսված «ձայներ գնելու» այս գործընթացին իրավական գնահատական դժվար թե տրվի։

«Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը էնքան է հասունացել, որ էդ տարատեսակ կաշառքները, պետական ծրագրերը, իշխանական թեկնածուներ ուղղորդելու գործընթացը և այլն կարհամարհի և ի վերջո իր ընտրությունը կկատարի քվեախցիկի հետևում», - հայտարարեց Հայկ Խանումյանը:

XS
SM
MD
LG