Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարին


Լուսանկարը վարչապետի աշխատակազմի
Լուսանկարը վարչապետի աշխատակազմի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նա առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ունեցած արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:

Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG