Մատչելիության հղումներ

Եզակի երաժշտական ներկայացում նվիրված Թումանյանի և Կոմիտասի ծննդյանն 150-ամյակին


Այս երեկո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մի աննախադեպ երաժշտական ներկայացում, որի ընթացքում մեր երաժշտասերներին առաջին անգամ հնարավորություն կտրվի ունկնդրել Հովհաննես Թումանյանի «Անուշը» պոեմի հիման վրա գրված կոմիտասյան մեղեդիները՝ Թաթուլ Ալթունյանի անվան Երգի-պարի պետական անսամբլի և մենակատարների կատարմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ:

Այս երաժշտական ներկայացումը հոբելյանական է՝ նվիրված մեր մեծերի՝ Թումանյանի և Կոմիտասի ծննդյանն 150-ամյակին:

Երաժշտական ներկայացման բեմադրիչը՝ ռեժիսոր Ժիրայր Դադասյանը ներկայացումից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սա պետք է ծագեր հավանաբար տարվա սկզբին, որովհետև այդ երկու հանճարների 150-ամյակն է, և միակ ստեղծագործությունն է, որ նրանց միավորում է: Սա առաջին դեպքն է, երբ համադրվել են կոմիտասյան մեղեդիները «Անուշ»-ի թեմայով՝ ժողովրդական նվագարանների հիման վրա արված, ինչպես ինքն էր նախատեսել: Հրաշք մեղեդիներ են: Ես մեծ բավականություն եմ ստացել: Աշխատանքը շատ պատասխանատու էր, որովհետև Կոմիտասի նշաձողը այնպիսին է, որ քո արտահայտչամիջոցներով պիտի փորձես այդ մակարդակը պահպանել»:

Հայտնի է, որ իր ժամանակին անվանի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի տքնաջան աշխատանքի շնորհիվ են հայտնաբերվել կոմիտասյան «Անուշ»-ի մասունքները, այդ մեղեդիներն ամբողջացվել են կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի շնորհիվ:

Այսօր նրա որդին՝ ներկայացման լիբրետտոյի հեղինակ, նաև ներկայացման դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ և Թաթուլ Ալթունյանի անվան Երգի-պարի պետական անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը շեշտում էր․ - «Այսօր ունենք մոտ 40-45 րոպե մի ամբողջական ներկայացում: Մտահղացումը ծնվել է դեռևս 1904 թվականին՝ Կոմիտասին Մարիամ Թումանյանի պատգամով, որը պատգամել էր անդրադառնալ թումանյանական խոսքին, «Անուշ»-ին: Կոմիտասը, ըստ Աթայանի, օպերա չէր համարում այս ստեղծագործությունը: Մենք էլ հետևել ենք նրան և դրել են ժանրային իմաստով երաժշտական ներկայացում: Նյութերը հայտնաբերումը, համալրումը այդ նյութերի հրապարակման մեծ երաժշտագետ և անմրցակից կոմիտասագետ Ռոբերտ Աթայանինն է, որը ևս 70-ականներին պատգամեց ավագի իրավունքում Արզաս Ոսկանյանին անդրադառնալ և ամբողջացնել: 50 տարի հետո հոբելյանական տարին առիթ հանդիսացավ»:

Ոսկանյանն ասաց, որ իրենց բեմադրածը ստեղծագործության առաջին ամբողջական կատարումն է:

Պատասխանելով իր հոր՝ Արզաս Ոսկանյանի մասին հարցին, Գրիգոր Ոսկանյանն ասաց․ - «Նա կոմիտասյան մասունքները ամբողջացրել է և նորակերտել ազգային նվագարաններով և հայ երգեցողությամբ, ինչպես ի սկզբանե գրված է եղել Կոմիտասի մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG