Այսօր գործարկվել է «Սիբիրի ուժ» կոչվող գազատարը, որով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազ է մատակարարելու չինացի սպառողներին:
Գազատարի գործարկման արարողությանը հեռուստակամրջի միջոցով մասնակցել են Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սի Ձինպինը և Վլադիմիր Պուտինը:
«Այսօր նշանակալի, իրոք պատմական իրադարձություն է ոչ միայն համաշխարհային էներգետիկ շուկայի, այլև նախևառաջ Ռուսաստանի և Չինաստանի համար: Սրանով Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համագործակցությունը էներգետիկ ոլորտում միանգամայն նոր մակարդակի վրա է հայտնվում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանում արդյունահանված գազի` Չինաստան արտահանման մասին պայմանագիրը «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթա-գազային ընկերությունը ստորագրել էին 2014 թվականի մայիսին: Պեկինի և Մոսկվայի միջև ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է չինական շուկա տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել: Պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է: