Մատչելիության հղումներ

Քաղաքացիների վարկային բեռի և եկամուտի միջև հարաբերակցության նորմ է սահմանվելու. ԿԲ


Varks.am-ը առաջարկում է շուկայում լավագույն պայմանները արագ վարկերի համար՝ առանց եկամուտների ուսումնասիրության, երաշխավորողի և գրավի, «Գլոբալ Կրեդիտը»՝ Sms վարկ 50-200 հազար դրամի չափով ու տարեկան 60-205 տոկոս փաստացի տոկոսադրույքով, մինչև 1 տարի մարման ժամկետով։ Նույն ընկերությունը նաև սպառողական վարկ է առաջարկում մինչև 1,4 մլն դրամ տարեկան 60-100 տոկոս փաստացի տոկոսադրույքով:

Իսկ ընդհանրապես վարկային կազմակերպությունների առաջարկած վարկերի տարեկան միջին փաստացի տոկոսադրույքը 43 տոկոս է, այն պարագայում, երբ բանկերը միջին հաշվով ավելի քան երկու անգամ ցածր տոկոսադրույք են առաջարկում։

Այդուհանդերձ Կենտրոնական բանկը տոկոսադրույքներն իջեցնելու համար ադմինիստրատիվ լծակներ չի փորձում կիրառել: Այս մասին այսօր Ազգային ժողովում անցկացված խորհրդարանական լսումներին հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինասնական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը․ - «Մենք փորձում ենք ազդել մրցակցության խորացմանը ֆինանսական համակարգում: Եվ մենք դրա դրական ազդեցությունը տեսնում ենք բանկերում, ինչը բերում է տոկոսադրույքների նվազման»:

Կենտրոնական բանկի մեկ այլ ներկայացուցչի՝ Արմենուհի Մկրտչյանի խոսքով, արագ վարկեր առաջարկող կազմակերպությունները մեծ պահանջարկ ունեն և շատ հաճախ բեռ են դառնում վարկառուների համար: Նա ասաց, թե շատ դեպքերում սպառողները վարկը որպես պարտականություն չեն դիտում, այսինքն դրա հետագա մարման մասին չեն մտածում: Մկրտչյանը հայտնեց, որ քաղաքացիների վարկային բեռի և եկամուտի միջև հարաբերակցության առավելագույն նորմ է սահմանվելու․ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարկային բեռի չպիտի գերազանցի ամսական եկամուտների 40-60 տոկոսը։

«Հայաստանում այս թվերը երբեմն շատ ավելի բարձր են: Այս կարգավորումները դեռևս քննարկամն փուլում են, և արդյունքների մասին հավելյան կտեղակացնենք», - նշեց Արմենուհի Մկրտչյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը շրջանառության մեջ դրված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին նախագծի համահեղինակն է, ի պատասխան ԿԲ-ի ներկայացուցչի այն պնդմանը, թե Հայաստանում կարճաժամկետ արագ տրամդրվող վարկերի պահանջարկ կա, ասաց․ - «Մեր երկրում կա նաև թմրամիջոցների պահանջարկ․․․ Պահանջարկը կա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թույլատրենք և կանոնակարգենք այդ ոլորտը: Մենք փոխարեն ընդհանրապես չարիքի դիմացը պատնեշելու, մենք փորձում ենք ոլորտը կանոնակարգել»:

Ըստ Կարապետյանի համահեղինակած նախագծի, վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 25,6 տոկոսը։

ԿԲ-ի ֆինասնական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը պնդեց, թե տոկոսադրույքի սահմանաչափ ներդնելով խնդիրը չի լուծվի, այլ կխորանա․ - «Գյուղաբնակ վայրերում, հեռավոր մարզերում սահմանափակվում է ֆինանսների հասանելիությունը, ինչը խորացնում է աղքատությունը: Երբ մարդը կարիք ունի ֆինանսների, ու հնարավորություն չենք տալիս ֆինանսները ձեռք բերել բաց, թափանցիկ ձևով որոշակի կազմակերպություններից, մարդիկ գնում են արդեն վաշխառուներից են վերցնում»:

Կարապետյան արձագանքը չուշացավ․ - «Եվ եթե մենք ասում ենք, որ մարդուն դեղ է պետք, և դրա համար պետք է իրեն 200 տոկոսով վարկ տանք, պետք է խնդրենք մեր երկրի իմաստուն մարդկանց դրան անուն տալ: Ես վստահ եմ, որ նրանք դա անվանելու են վաշխառուություն՝ անկախ այն բանից, թե ով է տալիս այդ վարկը, ինչպես է կարգավորվում և որ օրգանն է վերահսկում այդ գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG