Սուդանի անցումային շրջանի վարչակարգն այսօր ընդունել է նախկին իշխող կուսակցությունը լուծարելու և ապրիլին գահընկեց արված իսլամիստ-նախագահ Օմար ալ-Բաշիրի օրոք գործող «կանանց պահվածքի» մասին հատուկ կարգը չեղարկելու որոշումներ:
Այդ երկու որոշումները Բաշիրին գահընկեց անելու շարժման հիմնական պահանջների թվում էին: Որոշումները վավերացրել է Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկը:
«Սուդանի Ազգային կոնգրես կուսակցությունը լուծարվում է, դրան պատկանող այլ հաստատություններ նույնպես, կուսակցության գույքը և դրամական միջոցները փոխանցվում են ֆինանսների և տնտեսական պլանավորման նախարարությանը», - հայտարարել է անցումային շրջանի արդարադատության նախարար Նասրեդին Աբդելբարին:
Բաշիրը 1989 թվականին հեղաշրջման եղանակով է նվաճել իշխանությունը: Նրան պաշտոնանկ են արել զանգվածային շարժման արդյունքում՝ շարժամը միացած զինվորականների աջակցությամբ:
Սուդանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, «Ազգային կոնգրես կուսակցության լուծարումը կարևոր քայլ է նախկին ռեժիմի ապամոնտաժումն ավարտելու ուղղությամբ»: