Մատչելիության հղումներ

Քրիստինե Պողոսյանի կարծիքով՝ ուժային համակարգի թափանցիկությունը կբերի հանրության դրական վերաբերմունքի


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Ազատության» տաղավարում, 28-ը նոյեմբերի, 2019թ.
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Ազատության» տաղավարում, 28-ը նոյեմբերի, 2019թ.

Երկրում հեղափոխություն տեղի չի ունեցել, քանի դեռ ուժային կառույցներում փոփոխություններ չեն եղել, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Որովհետև ռեալ հեղափոխական քայլերը պետք է սկսեին հենց ուժային կառույցներից, որովհետև ամենամեծ հանցագործությունները, ամենամեծ խախտումները տեղի են ունեցել այս համակարգերի գործունեության, չարաշահումների արդյունքում։ Հեղափոխության ամբողջ իմաստը դրված էր արդարության պակասը, արդարության, իրական արդարադատության հասնելու նպատակը: Եթե այս ոլորտում փոփոխություն չի կատարվել, հետևաբար ինձ համար հեղափոխություն տեղի չի ունեցել», - փաստարկեց իրավապաշտպանը։

Հեղափոխությունից հետո գրեթե մեկ ու կես տարի պաշտոնավարած ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Վալերիյ Օսիպյանի ու Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունները իրավապաշտպանները բավարար չեն համարում:

Նինա Կարապետյանցը համակարգային լուրջ փոփոխությունների կարիք է տեսնում․ - «Պետք է փոփոխվեն այն անձինք, ովքեր զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ և շարունակում են զբաղեցնել այդ բարձրագույն պաշտոնները և չեն կրում իրենց մեջ որևէ հեղափոխական գաղափարներ: Պետք է կատարվեն նաև օրենսդրական փոփոխություններ, պետք է ամբողջությամբ մաքրեն, զտեն այդ համակարգը»:

Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանն «Ազատության« եթերում պնդեց՝ վերջին շրջանում ոստիկանությունում ընդգծված փոփոխություններ են եղել. - «Սկզբունքային փոփոխություններ են կատարել ձեր ասած նախկին համակարգը «նախկին ոստիկաններից» մաքրելու ուղղությամբ։ Սա շատ կարևոր գործընթաց է», - նկատեց նա։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կարծիքով՝ ուժային համակարգը նախ պետք է թափանցիկ լինի. - «Պետք է չվախենան ասել, որ օրինակ՝ այսքան ոստիկան պատասխանատվության է ենթարկվել, որովհետև խախտել է օրենքը։ Չպետք է վախենալ, այ դա կբերի նրան, որ հանրության կողմից դրական վերաբերմունք կփոխվի և կհամոզվեն, որ պետք է որևէ խնդրի դեպքում գնալ և դիմել իրավապահ մարմիններին», - ասաց պատգամավորը։

Հայաստանում ուժային կառույցներում փոփոխությունները անխուսափելի են համարում «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնության անդամները, որոնք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս:

Նրանք փորձում են հանդիպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ․ - «Հանդիպումների ժամանակ մենք փորձելու ենք հասկանալ էդ մարդկանց կոմպետենտությունը, արդյոք որքանո՞վ են իրենք պատրաստ ինչ-որ գործողություններ իրականացնել: Հանրությանը շատ պարզ ցույց տալ ևս մեկ անգամ, որ Հայաստանում ուժային կառույցներում փոփոխությունը անխուսափելի է, քանի որ եթե ուժային կառույցներում փոփոխություն տեղի չի ունենում, հեղափոխությունը ավարտված լինել չի կարող: Ու գլխավոր պայմաններից մեկն այն է, որպեսզի հասկանանք՝ էս մարդիկ ընդհանրապես ցանկանո՞ւմ են ինչ-որ բան անել»։

XS
SM
MD
LG