Մատչելիության հղումներ

Հայկ Մարության․ Ինձ անձերը չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է երևույթը


Երևանի քաղաքապետը սպասում է Դավթաշեն համայնքում շուրջ վեց հազար քառակուսի մետր տարածքի հարցով իրավապահների պատասխանին, իսկ նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանը, ում դուստրն այդտեղ ուզում է բարձրահարկ կառուցել, ասում է, որ եթե շինթույլտվույունն ուշանա, դատարան կդիմի: Մինչդեռ դավթաշենցիները ցանկանում են տեղում այգի տեսնել:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանի տեղեկություններով, վարչական շրջանի «Դեյզի» կոչվող այգու տարածքը «Ծաղիկ Ռուբո» մականունով հայտնի, Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի ընտանիքն է անցել հետևյալ եղանակով․ - «Դիմել են վարձակալության համար, որից հետո դիմել են վարձակալության համար, որից հետո դիմել են սեփականաշնորհման համար: Երկու անգամ նշյալ տարածքը ընդլայնվել է՝ 2006 և 2014 թվականներին, այգու հաշվին: Բոլոր ծառերը կտրել են, հաստաբուն ծառեր, պատմություն կրող ծառեր»:

Դավթաշենիցները հիշում են, որ ժամանակին այդտեղ կանաչ տարածք էր: Նրանց չի հետաքրքրում, թե ում սեփականությունն է, ցանկանում են, որ տեղում կրկին այգի լինի:

«Մենք այգու կարիք ունենք, երեխաներին զբոսանքի տանելու, երեկոները անցկացնելու», - ասաց համայնքի բնակիչներից մի կին:

«Ազատության» հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Ռուբեն Գևորգյանի դժգոհությանը, որ իր դստերը թույլ չեն տալիս սեփական տարածքում բարձրահարկ կառուցել, ասաց, թե Google Earth համակարգով տեսել է, որ այդ տեղում կանաչ տարածք է եղել, ուստի դիմել է իրավապահներին պարզելու, թե ինչպես են ծառերը կտրվել, ինչպես է այդ տարածքի սեփականատերը հենց Դավթաշենի նախկին թաղապետի դուստրը դարձել:

«Եղել է այգի, մի փոքր հատվածը շինությամբ: Դա ինքնակամով՝ 912Ն որոշմամբ օրինականացվել է ամբողջ մի մեծ այգի, և այսօր Դավթաշենի լավագույն այգիներից մեկի տեղը մեծ փոսորակ է: Ինձ անձերը չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է երևույթը: Ես չեմ կարող թույլ տալ մի տեղ կառուցապատում լինի, որտեղ կար, այնուհետև այդ այգին անհասկանալի պատճառներով նախ դարձել է մեկի սեփականը, և հետաքրքիրն այն է, որ պատահական մարդու սեփականություն չի դարձել, այլ կոնկրետ պաշտոնատար անձի մերձավորի կամ բարեկամի: Բոլոր էս տիպի գործերը իմ կողմից ուղարկվում են դատախազություն կամ այլ մարմնի, որպեսզի նայեն՝ արդյո՞ք կա էստեղ ինչ-որ կոռուպցիոն ռիսկ, արդյո՞ք կա էստեղ օրենքի խախտում և այլն: Եթե համապատասխան մարմինները ինձ ասում են՝ պարոն քաղաքապետ, էստեղ ոչ մի խնդիր չկա, նոր մենք արդեն գնում են առաջ», - հավելեց Մարությանը:

ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանն ասում է, թե 6 հազար քառակուսի մետրից ավելի այդ տարածքի համար իր դուստրը կադասրտային գումար է վճարել՝ շուրջ 28 միլիոն դրամ:

Գևորգյանը պատմեց, որ 1998 թվականին է տարածքը դտսեր սեփականությունը դարձել, երբ կառավարությունն ինքնակամ շինություններին սեփականության իրավունք է տվել: Իսկ այդ ժամանակ ինքն Ազգային ժողովի պատգամավոր է եղել, ոչ թե թաղապետ:

Նրա խոսքով, Դավթաշենն ինքն է ժայռաբեկորներից ազատել, իսկ այդ տեղում նախկինում սրճարան են կառուցել, հետո այն որպես բիզնես իրեն չի արդարացրել:

«Ազատությանը» Ռուբեն Գևորգյանի տրամադրած կադրերում երևում է, թե ինչպես է տարածքը քարերից մաքրվում: Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ անգամ քրեական գործ է հարուցվել, հետո կարճվել հանցակազմի բացակայության հիմքով:

«Ի՞նչ հանրային այգու մասին է խոսքը: Հանրային այգի էր ու այգին անվանակոչվել էր իմ թոռնուհու անունով, հա՞, էնքան մեծ պատիվ ուներ թոռնուհիս: Ազնիվ դաշտում է դա տեղի ունեցել՝ առանց օգտագործելու իմ դերը, իմ նշանակությունը որպես թաղի ղեկավարի: Էս իրանց գաղափարով ա փոս, իրանց միտքն ա փոս, փոսի միտք ունեն, փոսի մտածելակերպ: Սա լուրջ կառույց ենք շինում, որ Դավթաշենը դրանով էլ ինչ-որ ճանաչում գտնի ամբողջ քաղաքում, որ նման կառույց Դավթաշենի կենտրոնում խոյանում է: Կգա ժամանակը, եթե տեսանք, որ ելք չկա, բնականաբար անպայման մենք դատի կտանք», - նշեց Ռուբեն Գևորգյանը:

Ողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրած Ռուբեն Գևորգյանը հարցին, թե ինչպես է հարստություն կուտակել, արձագանքեց․ - «Բայց իմ ունեցվածքը ինչքան ա եղել: Որ գնում էինք պատերազմ, առաջին «Լինկոլն» կադիլակները մենք ենք քշել, երկու եղբայր: Մեր ունեցվածքը գալիս ա դեռ շատ հնուց: Իսկ էս անկախ պետության ժամանակ դրսում բիզնեսներ ենք դրել, բան: Էդ կարան Հայաստանի Հանրապետությունից գնան, միլիարդատեր դառած հետ գան, իսկ մենք՝ ոտուձեռի տղերք, ու ժամանակին մենք չէինք կարա մերը ստեղծե՞նք»:

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հարուցված է քրեական գործ, բայց դեռ ոչ ոք չի հարցաքննվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG