Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հրապարակել է աղբատար մեքենաների նվիրատուների անունները


Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանն այսօր հրապարակեց Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով:

Արդեն մի քանի օր է, ինչ ընդդիմադիրները դժգոհում էին, թե ինչու է նվիրատուների ցանկը գաղտնի պահվել, երբ մեքենաները տասնյակ հազարավոր դոլարներ արժեն, իսկ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է. - «Նվիրատվության գործընթացը, ինչպես ցանկացած պայմանագիր, ցանկացած ձեռք բերման կամ հանձնման գործընթաց իրենից որոշակի փուլեր է ներկայացնում, և որոշակի բանակցություններ, պրոցես է: Եթե պրոցեսը դեռ ընթացքի մեջ սկսենք հանրային քննարկումներ ծավալել, այն էլ այն պայմաններում, երբ հասկանալի է, որ կան քաղաքական քննարկումներ, որոշ դեպքերում՝ շահարկումներ, մամուլում բամբասանքներ և այլն, և այլն, այդ պայմանագրերը ու այդ նվիրատվությունը ուղղակի կձախողվի, և քաղաքը չի ունենա այն, ինչ որ ուզում է ունենալ»:

Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որն, ի դեպ, կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

Սակայն քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, թե քաղաքապետարանը խնդիրը չէ պարզելը, թե այս կամ այն կազմակերպության հետևում կանգնա՞ծ է որևէ գործարար, թե՞ ոչ․ - «Եթե դուք կարծում եք, որ դա «Ալեքս հոլդինգն» է և Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապ ունի, ես ասում եմ՝ ես չեմ կարող, առավել ևս Հայկ Մարությանը չի կարող անել հայտարարություն ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա»:

«Ազատության» հարցին՝ եթե Սամվել Ալեքսանյանն անձամբ Երևանի քաղաքապետարանին նվերներ մատուցեր, արդյո՞ք քաղաքապետարանը կընդուներ, Հակոբ Կարապետյանն պատասխանեց. - «Չընդունելու պատճառ էս պահին չկա, իհարկե։ Ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նրանից նվերներ ընդունելուց, էդպիսի բան չկա»:

Ընդդիմադիրները բարձրացրել էին նաև կոռուպցիոն ռիսկերի հարցը, մասնավորապես՝ կասկածներն այն մասին, թե տարբեր շինթույլտվությունների դիմաց առաջարկվում է գնել և նվիրել աղբահանության մեքենաներ, կամ տվյալ շինարարությունից որոշակի տարածք, մակերես տրամադրել քաղաքապետարանին:

Քաղաքապետարանի խոսնակն այս առնչությամբ ասաց, թե «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նվիրատվությունից առաջ ստացել է շինթույլտվություն։

Նվիրատվությունները կատարվել են վերջին 4 ամիսների ընթացքում, այսինքն՝ օգոստոսից ի վեր։

Երևանում աղբահանության խնդիրը սրվեց ամռան սկզբին, երբ «Սանիթեքը» դադարեցրեց կատարել իր պատարավորությունները: Դեռ հոկտեմբերին, Էրեբունի-Երևան տոնակատարություններին նվիրված մամուլի ասուլիսին «Ազատության» այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նախորդ տարիներին Երևանի բյուջեից հատկացվել է ավելի քիչ գումար, քան այս տարի, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատասխանել էր. - «Նախկինում հովանավորչական օժանդակություն և նվիրատվություններ են եղել, ինչն այս տարի չկա: Որովհետև նվերները ուղղակի չեն լինում, և մենք միմիայն ծախսում ենք այն բյուջեն, որը նախատեսում է Երևանի քաղաքի բյուջեով»։

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ այս պարագայում նվիրատվություններ ընդունվում են, հարցրեցինք Հակոբ Կարապետյանին:

«Քաղաքային տնտեսության օժանդակ միջոցները՝ տեխնիկա, գույք, բնակմակերես, որոնք բացառապես և միայն այն դեպքերում են ընդունվում, երբ դրա դիմաց, ես կոնկրետ գիտեմ դեպք, երբ մարդը առաջարկել է ինչ-որ գույք նվիրել քաղաքին, դրա փոխարեն խնդրել է գովազդային ինչ-որ բաներ: Քաղաքապետը մերժել է այդ դիմումը, որովհետև դա քարացած սկզբունք է, քաղաքը նվեր տալու դիմաց որևէ բան չի տալիս, որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի ասածին, պարոն Վիրաբյանը կոնկրետ տվյալ կոնտեքստում էր ասում․ այսինքն՝ գալիս են կազմակերպություններ և ասում են՝ մենք կանենք էսպես համերգը կամ միջոցառումը, բայց այնտեղ պետք է լինի էսինչ կոմպոնենտը, կամ համերգը պետք է ունենա էս բովանդակությունը: Էդ կոնտեքստում ցանկալի չէ նվիրատվությունների կամ հովանավորության ընդունումը», - արձագանքեց Հակոբ Կարապետյանը:

XS
SM
MD
LG