Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը


Նախագահ Արմեն Սարգսյանը վաղը Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։ Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։

Նախագահ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Վարդանյան ամուսինների վաստակը հետախուզության ոլորտում և իր հանդիպումների, զրույցների ու ելույթների ժամանակ հաճախ էր նրանց օրինակով նշում, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը, ասված է հաղորդագրությունում:

Երբ այս տարի գարնանը նախագահը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը, հենց լսարանից հեռախոսազրույց էր ունեցել Գոհար Վարդանյանի հետ։

Գոհար Վարդանյանը վախճանվել է նոյեմբերի 25-ին, 93 տարեկանում:


XS
SM
MD
LG