Մատչելիության հղումներ

Ալիևը 2019-ը ղարաբաղյան կարգավորման համար «կորսված հնարավորությունների» տարի է որակում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

2019-ը կորսված հնարավորությունների տարի էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե այս խնդիրը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար, և մեղադրել Հայաստանի իշխանություններին «ոչ կառուցողական» դիրքորոշման համար:

ԵԱՀԿ գործող նախագահն, իր հերթին, դրական է գնահատել հայ և ադրբեջանցի լրագրողների վերջին փոխադարձ այցերն ու հույս հայտնել, որ դրանք կբարելավեն քաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, հաղորդել է ՀՀ արտգործնախարարությունը:

XS
SM
MD
LG