Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Ռեալ հեղափոխական քայլերը պետք է սկսեին ուժային կառույցներից


Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» տաղավորում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» տաղավորում:

Երկրում հեղափոխություն տեղի չի ունեցել, քանի դեռ ուժային կառույցներում փոփոխություններ չեն եղել, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Որովհետև ռեալ հեղափոխական քայլերը պետք է սկսեին հենց ուժային կառույցներից, որովհետև ամենամեծ հանցագործությունները, ամենամեծ խախտումները տեղի են ունեցել այս համակարգերի գործունեության, չարաշահումների արդյունքում։ Հեղափոխության ամբողջ իմաստը դրված էր արդարության պակասը, արդարության, իրական արդարադատության հասնելու նպատակը: Եթե այս ոլորտում փոփոխություն չի կատարվել, հետևաբար ինձ համար հեղափոխություն տեղի չի ունեցել», - փաստարկեց իրավապաշտպանը։

Հեղափոխությունից հետո գրեթե մեկ ու կես տարի պաշտոնավարած ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Վալերի Օսիպյանի ու Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունները իրավապաշտպանները բավարար չեն համարում:

Կարապետյանցը համակարգային լուրջ փոփոխությունների կարիք է տեսնում․ - «Պետք է փոփոխվեն այն անձինք, ովքեր զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ և շարունակում են զբաղեցնել այդ բարձրագույն պաշտոնները, և չեն կրում իրենց մեջ որևէ հեղափոխական գաղափարներ: Պետք է կատարվեն նաև օրենսդրական փոփոխություններ, պետք է ամբողջությամբ մաքրեն, զտեն այդ համակարգը»:

Հայաստանում ուժային կառույցներում փոփոխությունները անխուսափելի են համարում «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնության անդամները, որոնք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս:

Նրանք փորձում են հանդիպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ․ - «Հանդիպումների ժամանակ մենք փորձելու ենք հասկանալ էդ մարդկանց կոմպետենտությունը, արդյոք որքանո՞վ են իրենք պատրաստ ինչ-որ գործողություններ իրականացնել: Հանրությանը շատ պարզ ցույց տալ ևս մեկ անգամ, որ Հայաստանում ուժային կառույցներում փոփոխությունը անխուսափելի է, քանի որ եթե ուժային կառույցներում փոփոխություն տեղի չի ունենում, հեղափոխությունը ավարտված լինել չի կարող: Ու գլխավոր պայմաններից մեկն այն է, որպեսզի հասկանանք՝ էս մարդիկ ընդհանրապես ցանկանո՞ւմ են ինչ-որ բան անել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG