Մատչելիության հղումներ

Երևանի Փոքր Կենտրոնի մի շարք տարածքների բնակիչներ կրկին անորոշ վիճակում են


Նախկին իշխանությունների օրոք հանրային գերակա շահ ճանաչված Երևանի Փոքր Կենտրոնի մի շարք տարածքների բնակիչներ կրկին անորոշ իրավիճակում են: Հույսեր ունեին՝ հեղափոխությունից հետո իրենց խնդիրը կլուծվի՝ կամ համարժեք փոխհատուցում կստանան իրենց սեփականության դիմաց, կամ էլ կչեղարկվի կառավարության 2013 թվականի որոշումը, որն, ըստ նրանց, ապօրինի է։ Սակայն հակառակ դրան, ասում են, այս տարվանից կրկին դատարաններից որոշումներ են ստանում՝ իրենց տարածքները լքելու պահանջով։

«2016 թվականից մինչև 2019 թվականը դատական նիստերը մեր կասեցված էին։ Հեղաշրջումից հետո նորից, շատ արագորեն, նորից բացվեցին մեր գործերը, և դատարաններում, նորից մեզ կանչելով նիստերին, ուզում են մեզ վտարեն մեր տարածքներից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բելյակով 9 հասցեի բնակչուհի Արմինե Գյուլգյուլյանը:

Ըստ կառավարության թիվ 958-Ն որոշման՝ Պուշկին, Տերյան, Լալայանց, Բելյակով փողոցներում գտնվող շենքերը հանրային գերակա շահ ճանաչվելով օտարվել են հայտնի գործարար, այժմ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը՝ կառուցապատման համար։

Սակայն բնակիչների որոշ մասը դեռ այն տարիներին հրաժարվել է փոխհատուցումից, քանի որ, ըստ այդ տարածքների բնակիչների փաստաբան Ալինա Ավետիսյանի, քաղաքացիներին շուկայականից մի քանի անգամ ցածր փոխհատուցում է առաջարկվել․ - «Մեկ քառակուսին, մոտավոր հաշվարկով, որ սխալ չասեմ, մոտ 800 դոլարի սահմանում է՝ 800 կամ 850: Եթե դուք Երևանի սրտում 800 դոլարով մեկ քառակուսու արժեքը որպես բնակելի տուն գիտեք, ցույց տվեք, միգուցե էդ մարդիկ իրենք էլ կհամաձայնվեն առնեն»:

Բնակիչներն ասում են՝ բացի այդ, իրենց միայն տների համար են փոխհատուցում առաջարկել, իսկ հողատարածքները չեն գնահատվել։ «Տանը և 180 մետր հողամասին տալիս են մոտ 200-220 հազար դոլար: Փորձաքննությունների ազգային բյուրոն իմ հողամասի մի քառակուսի մետրը գնահատել է 1500 դոլար՝ մի քառակուսի մետրը: Բազմապատկեք 180-ը 1500-ով՝ կտեսնեք ինչքան է լինում, այսինքն՝ իմ տան արժեքը գնահատվում է 550-600 հազար դոլար», - ասաց Պուշկինի 4/24 տան բնակիչ Ալբերտ Կզմարտյանը:

Հիմա մասնավորապես Պուշկին, Տերյան, Լալայանց, Բելյակով փողոցների բնակիչները չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ, քանի որ իրենց տարածքները հանրային գերակա շահ են ճանաչված, իսկ Մայրապետյանին պատկանող ընկերությունն այլևս փոխհատուցումներ չի իրականացնում։

Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների փաստաբան Նելլի Պապյանի խոսքով՝ «դատական ակտը չի կատարվում, որովհետև դեպոզիտներում առկա չեն այդ գումարները, և հարկադիր կատարողները ուղղակի չեն կարողանում կատարել դատական ակտը, որովհետև վտարելու դեպքում պետք է փոխհատուցումը տրամադրեն, որը չկա»: «Այսինքն, մենք ունենք իրականության մեջ նաև այդպիսի դեպք, որ կա դատական ակտ, բայց վտարում իրականում տեղի չի ունենում, որովհետև փոխհատուցման գումարը չկա», - «Ազատությանն» ասաց Պապյանը:

Բնակիչների մյուս փաստաբան Ալինա Ավետիսյանի խոսքով՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներն անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ անել։ «Պատանդ՝ ուղղակիորեն: Ո՛չ կարողանում են իրենց բնակարանները վերանորոգել, ո՛չ կարողանում են տարածքի նկատմամբ, ասենք, ինչ-որ մի գործողություն կատարեն: Վարձակալությունը, եթե էսօր մարդ փորձի իր տարածքը վարձակալության հանձնի, ինքը վարձակալությունը, ըստ էության, նոտարական կարգով վավերացվող պայմանագիր է, հնարավոր չի՝ ոչ մի նոտար չի կնքի էդ պայմանագիրը», - ընդգծեց Ավետիսյանը:

Բնակիչների մի մասն էլ ընդհանրապես կողմ չեն փոխհատուցմանը, քանի որ չեն ուզում կորցնել պատմամշակութային արժեք ներկայացնող իրենց շինությունները։ «Հյուսիսային պողոտայում կար 29 պատմամշակութային հուշարձաններ, և պետությունը պարտավոր էր ուղղակի դրանք պահպանելու, և այնտեղ նույնպես գինու մառաններ կային: Եվ ինչպես տեսնում եք հիմա՝ ամբողջությամբ վերածվել են հողի, պետությունը այն ժամանակ չի պահպանել: Այո, մենք նաև մտավախություն ունենք, որ նման վտանգ սպառնում է նաև մեր պատմամշակութային հուշարձաններին», - ասաց Արմինե Գյուլգյուլյանը:

Նույն Պուշկինի փողոցի շենքերի նկուղային հարկերը 19-րդ դարում կառուցվածի գինու մառաններ են, որոնք այստեղ ժամանակ առ ժամանակ զբոսաշրջիկների են բերում։ Բնակիչները համոզված են՝ եթե չեղարկվի հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության 2013 թվականի որոշումը, այս տարածքները զբոսաշրջային կենտրոն կդառնան։

«Սա մեր միայն հարստությունը չի, սա ի վերջո Երևան քաղաքի պատմությունն է պատմում», - շեշտեց Գյուլգյուլյանը:

Կառավարությունից ավելի ուշ հայտնեցին՝ հանձնարարվել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների խնդիրները։

XS
SM
MD
LG