Մատչելիության հղումներ

Հոնկոնգում դեմոկրատական ուժերի տպավորիչ հաղթանակը


Հոնկոնգի դեմոկրատական թեկնածուները տոնում են հաղթանակը տեղական ընտրություններում, 25 նոյեմբերի, 2019թ.
Հոնկոնգի դեմոկրատական թեկնածուները տոնում են հաղթանակը տեղական ընտրություններում, 25 նոյեմբերի, 2019թ.

Հոնկոնգում դեմոկրատական ուժերը երեկ տեղի ունեցած շրջանային խորհուրդների ընտրություններում տպավորիչ հաղթանակ են տարել և 452 շրջաններից ավելի քան 400-ում մեծամասնություն են ապահովել:

Կիրակնօրյա ընտրությունները տեղի են ունեցել Հոնկոնգում հակակառավարական ցույցերից, երթերից և բախումներից հետո:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը՝ մոտ 2 միլիոն 900 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Շրջանային խորհուրդները, իհարկե, մեծ լիազորություններ չունեն և հիմնականում զբաղվում են տրանսպորտի, դպրոցների, ճանապարհների ու տեղական նշանակության այլ հարցերով, սակայն դեմոկրատական ուժերի հաղթանակն ունի քաղաքական մեծ նշանակություն:

Այն արդեն անվանել են «ապտակ» Պեկինին հավատարիմ գործադիր իշխանությանը: Բուն քվեարկության օրը Հոնկոնգում անդորր էր:

«Հոնկոնգի ժողովուրդը հստակ հայտնեց իր տեսակետը՝ ցույց տալով, որ սա ոչ միայն հանրաքվե է, այլև հզոր ուղերձ կառավարությանն առ այն, որ մարդիկ մերժում են ցուցարարների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը, ընտրությունների այս արդյունքով Հոնկոնգի ժողովուրդը վկայեց, որ ապագայում ավելի հզոր դեմոկրատիա է ակնկալում», - ասել է Հոնկոնգի հարավային շրջանի ընտրատեղամասում հաղթած Կելվին Լամը:

Նախկին բրիտանական տարածք Հոնկոնգի բնակիչները չունեն Չինաստանի կազմում հատուկ կարգավիճակով գտնվող այդ քաղաքի ղեկավարներին ուղիղ եղանակով ընտրելու իրավունք:

Հոնկոնգի օրենսդիր մարմնի ընտրությունները նախատեսված են հաջորդ տարի:

Շրջանային խորհուրդներին 70-տեղանոց քաղաքային խորհրդում տրվում է ընդամենը 6 տեղ:

Իսկ քաղաքի գործադիր ղեկավարին ընտրում է 1200-տեղանոց հատուկ հանձնաժողովը, որում շրջանային խորհուրդներն ունեն ընդամենը 117 մանդատ: Ընտրողների մեծամասնությունը նշանակվում է Պեկինի կողմից:

Հոնկոնգի ղեկավար Կարի Լամն ասել է, որ ընդունում է իշխող կուսակցությունների պարտությունը տեղական ընտրություններում, և հավաստիացրել է, որ գործադիր վարչակազմը չի անտեսի այդ հանգամանքն ու կհարգի մարդկանց ընտրությունը:

Ի դեպ, դեմոկրատական շարժման երիտասարդ լիդեր Ջոշուա Վոնգին տեղական հանձնաժողովները զրկել են առաջադրվելու իրավունքից՝ ասելով, թե նրա օրակարգը հակասում է Հոնկոնգի պետական կարգավիճակին:

Ջոշուա Վոնգը Հոնկոնգի ինքնորոշման և անկախության գաղափարի ջատագով է:

«Ես շատ տպավորված եմ հոնկոնգցիների քվեարկությամբ, նրանք ընտրություններով պնդեցին, որ դեմ են ոստիկանների բռնություններին, ոստիկանները պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ ամենակարևորն այն է, որ մենք սրանով չենք բավարարվում, մենք պետք ընտրենք քաղաքային խորհուրդը, մենք պետք է ընտրենք մեր կառավարությունը, Հոնկոնգի գործադիր ղեկավարը պետք է մեր կողմից ընտրվի», - ասել է Ջոշուա Վոնգը:

Այսօր Պեկինը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ «երկու համակարգ, մեկ պետություն» սկզբունքին:

«Նշանակություն չունի, թե ինչ է պատահել Հոնկոնգում, դա Չինաստանի անբաժան մասն է, որն ունի հատուկ վարչական կարգավիճակ, Հոնկոնգին, քաղաքի տնտեսությանը, գույքին կամ կայունությանը վնաս հասցնելու որևէ փորձ չի հաջողի», - ասել է Չինաստանի արտաքին գործոց նախարար և պետական խորհրդական Վան Յին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG