Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում ասել է, որ կուսակցությունը «պարտավոր է առաջնահերթություն համարել շարքային քաղաքացիների և Հայրենիքի շահերը»:
Նա կոչ է արել կուսակցության անդամներին «չխուսափել բարդ որոշումներից, չղեկավարվել իրավիճակային հանգամանքներով և չփորձել պոպուլիստական գործելակերպով ընտրական միավորներ վաստակել»:
Ռուսաստանում 2021 թվականին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և փորձագետները նշում են, որ իշխող կուսակցության վարկանիշն էապես նվազել է կենսաթոշակների համակարգի վիճահարույց բարեփոխման և ընդհանուր սոցիալական վիճակի վատթարացման արդյունքում:
Խոշոր քաղաքներում և այլ բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ այն բանից հետո, երբ իշխանությունները տարբեր պատրվակներով ընդդիմությանը զրկել են տեղական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից:
Պուտինի ընդդիմախոսների փոխանցմամբ, նախագահը վերջին տարիների ընթացքում մշտապես հետապնդում է այլախոհներին, սահմանափակում է բողոքի ակցիաներ կազմակերպելու քաղաքացիների իրավունքը, հալածում է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին:
Մինչդեռ, «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդները համոզված են, որ կուսակցությունը 2021 թվականին կարող է 450-տեղանոց Պետական դումայում վաստակել առնվազն 301 տեղ: