Ռումինիայում այսօր անցկացվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ստացվող առաջին տեղեկությունները վկայում են, որ գործող նախագահ, արևմտամետ Կլաուս Իոաննիսը, հավանաբար, կվերընտրվի:
Նրա մրցակիցը ձախակողմյան թեկնածու, սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիդեր Վիորիկա Դանչիլան է, ով ընդհուպ մինչև այս տարվա հոկտեմբեր զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
Վերլուծաբանների փոխանցմամբ, 60-ամյա նախկին ուսուցիչ Իոաննիսի երկրորդ պաշտոնավարումը թույլ կտա վերականգնել Ռումինիայի եվրոպամետ դիրքորոշումը, որը թուլացել է վերջին տարիների ձախակողմյան կառավարությունների վարած քաղաքականության արդյունքում:
Ձախ ուժերի ղեկավարության օրոք Ռումինիայում արձանագրվել է համատարած կոռուպցիա և հարձակումներ դատական համակարգի վրա:
Ընտրական տեղամասերը կփակվեն տեղական ժամանակով երեկոյան ժամը 9-ին:
Ենթադրվում է, որ անմիջապես դրանից հետո հանձնաժողովները կսկսեն հրապարակել առաջին պաշտոնական արդյունքները: