Մատչելիության հղումներ

Թոմ Քաթինային Նուբայի լեռներում փոխարինած Արմեն Մկրտչյանը հայրենիք է վերադարձել


Բժիշկ Արմեն Մկրտչյանը սուդանցի կնոջ և նրա երկվորյակների հետ

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային Սուդանի Նուբայի լեռների «Գթության մայր» հիվանդանոցում փոխարինած հայ բժիշկը հայրենիք է վերադարձել ու անցել աշխատանքի: Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի 36-ամյա բժիշկ Արմեն Մկրտչյանն ասում է՝ թեև գիտեր, թե ուր է գնում ու ինչ վտանգներ կային, բայց լսածն ու իրականությունն այլ էր:

«Սկզբից, օրինակ, ասում էին՝ վայ, էն հեռախոսն անգամ, որ կարող է տեսնեն, կարող է ուզեն Ձեր հեռախոսը, կարող է էսինչ, որովհետև, պատկերացրենք, իրենց էդ մի տարվա աշխատավարձը էդ հեռախոսի գինն է, ինչ-որ, կարիքավոր մարդիկ են, բայց տենց բան ես չեմ տեսել: Իրենք շատ բաներ ինձ առաջարկել են, բայց երբեք ինձնից չեն ասել, ինչը կտաք կամ չեք տա: Իրենք իրենց էն փոքր, մի հատ եղած հացն էլ կտրել են իմ հետ, բայց ոչ մի բան չեն արել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց բժիշկը:

«Ճանապարհը հետաքրքիր էր Յիդայից մինչև հասանք մենք Նուբայի հոսպիտալ, էդ հոսպիտալում անցնելով, մոտավորապես հարյուր չեքփոյնթեր [հսկիչ անցակետեր] էինք անցնում, ու էդ ճանապարհին ամեն մի էդ չեքփոյնթերը զինված մարդիկ էին դուրս գալիս, բայց երբեք չեղավ մեկը, որ, ինչ-որ, վայ, կամ վախեցնի, կամ սենց բան, կամ նենց բան: Լսում էին նախ Թոմի անունը, որ Թոմի փոխարինող ու բժիշկը, վերջ, պրոբլեմ չկա, էլ չկա, Դուք եք․․․», - փոխանցեց Արմեն Մկրտչյանը:

Ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան 2017 թվականին է ստացել Հայոց ցեղասպանության ժառանգների անունից ի նշան երախտագիտության տրվող «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ 55-ամյա Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում աշխատող միակ վիրաբույժն է, ով տարեկան հազար վիրահատություն է կատարել և օրական ավելի քան 400 հիվանդի սպասարկել: 2017-ից ի վեր Քաթինայի բացակայության ընթացքում նրան հիմնականում հայաստանցի բժիշկներ են փոխարինել պատերազմական այդ լեռներում:

Թե երկուսուկես ամսում քանի մարդու կյանք է փրկել, Արմեն Մկրտչյանը նույնիսկ հաշվելու ժամանակ չի ունեցել: Երիտասարդ բժիշկը հաճախ շոկային իրավիճակում է հայտնվել, երբ տեսել է, թե ինչ վիճակում են մարդկանց հիվանդանոց հասցնում․ - «Ինձ միշտ ասում էին՝ ախր, բժիշկ ջան, ճանապարհ չկա, հեռավորությունն, այդքան տարածքը, ճանապարհները՝ չեն կարողանում մարդիկ գնալ հիվանդանոց, և հետո այն մահամերձ վիճակում հասնում հիվանդանոց, ու էն մահամերձ վիճակում, որ սենց զարմացած նայում ես՝ լավ, էս վիճա՞կ: Հրազենային վնասվածքով մարդը մի երկու օր կարող է մնալ ու, պատկերացրեք, թափածակումով կրծքավանդակի, հետո երկրորդ օրը նոր բերեն հիվանդանոց, որովհետև էդքան ճանապարհ կա, 12 ժամ ճանապարհ են անցնում: Հղի կինը արդեն 38-39 շաբաթականում 10-12 օր ճանապարհ է գալիս, մինչև հասնում է հիվանդանոց, ու չգիտի՝ ճանապարհին կենդանինե՞րը կհոշոտեն իրեն, ես շատ գիտեմ, անձրևի տակ, ինչ ձև, էսինչ, էնինչ: Կամ շատ դեպքերում հասնում են՝ ընդամենը մի հատ սոնոգրաֆիա անում ես, ու՝ շնորհակալություն, ու էլի նորից էդքան պիտի հետ գնան, էլի: Տանն էին ծննդաբերում հիմնականում: Մի բան էլ հասկացա, որ բնությունը շատ խելացի ու հզոր է, և ինչը որ բնության կողմից տրված է, պետք է շատ քիչ միջամտես»:

Մտքով անգամ չի անցել, որ աֆրիկյան ցեղերում դեռ հին ավանդույթների «զոհերի» կբուժի, ինչի օրինակներ պատմեց բժիշկը:

Ի պատիվ բժիշկի նաև նորածնի են անվանակոչել: Ճիշտ է՝ ոչ Արմեն, այլ՝ Արմինե, քանի որ երկվորյակները, որոնց կյանքը փրկել է բժիշկը, աղջիկներ են: «Անպայման ուզում էին աղջկա անունն էլ Արմեն դրած լինեին, <...> մայրը անպայման Արմեն էր ուզում դրած լիներ: Ես համոզում էի, որ չէ, էլի, Արմենը տղայի անուն է, պետք չի, բան, ու ինքը որոշեց՝ դե որ էդպես է, ուզած-չուզած մի հատ էլ պիտի երեխա ունենամ, որ անունը, տղա լինի, Արմեն դնեմ, ու որ տեսա՝ նեղվում է, ասացի՝ լավ, մենք ունենք նաև Արմինե տարբերակը՝ աղջկա անուն է, ու նույն անուններն են: Ուրախացել, ոգևորվել էր, թուղթը տվել է՝ ինչ կլինի, վրան գրեք տառ առ տառ՝ ոնց պիտի լինի, որ իմ աղջիկը ոնց կա՝ նենց պիտի անվանակոչվի: Եվ էդ զույգերից մեկի անունը, ում որ վերականդանացրել էինք, ընտրվեց Արմինե, իսկ մյուսի անունը՝ Անիտա», - պատմեց բժիշկը:

Մասնագիտական առումով բավականին հարուստ փորձ է ձեռք բերել: Վերջին մի քանի օրը աշխատել է Հայաստանից Նուբայի լեռներ վերադարձած Թոմ Քաթինայի հետ: Արմեն Մկրտչյանը խոստովանում է՝ կրկին կգնար «Գթության մայր» հիվանդանոց:

XS
SM
MD
LG