Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ֆեյսբուքում աշխարհի 10 ամենաակտիվ առաջնորդների շարքում է


Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արխիվ
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ֆեյսբուքում ակտիվություն ցուցաբերող՝ աշխարհի առաջնորդների լավագույն տասնյակում է։ Սա է ցույց տալիս սոցցանցերում աշխարհի առաջնորդների, կառավարությունների ակտիվությունն ուսումնասիրող Twiplomacy կազմակերպության հրապարակած վերջին զեկույցը՝ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում-2019» անվամբ։

Փաշինյանը 10-րդ տեղում է մի աղյուսակում, որտեղ համագումարի է բերված ֆեյսբուքյան էջը լայքելու, տեսանյութերը, գրառումները տարածելու, էջում մեկնաբանություններ գրելու տվյալները։ Փաշինյանը բացարձակ թվերով 14.5 միլիոնից ավելի interaction ունի վերջին 1 տարվա ընթացքում։

Աղյուսակում ներառված մյուս առաջնորդները տասնյակ միլիոնավոր բնակչություն ունեցող երկրների ղեկավարներ են. առաջին տեղում Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն է, երկրորդը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երրորդը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդին։ Նրանց հետևում են Պակիստանի ղեկավարը, Սպիտակ տան կայքը։ Բրազիլիայի նախագահի էջի արձագանքներն անցնում են 145 միլիոնը, նրա էջին գրեթե երկու անգամ ավելի օգտատեր է արձագանքում, քան Թրամփին։

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են աշխարհի առաջնորդների, կառավարությունների ղեկավարների ֆեյսբուքյան 692 էջը, այդ էջերի մոտավորապես կեսը լայվ Ֆեյսբուքն օգտագործել է մամուլի ասուլիսներից, պաշտոնական արարողություններից, նախընտրական արշավների ուղիղ հեռարձակման համար։ Միլիոնավոր օգտատերեր հետևել են ուղիղ եթերների հարց-պատասխաններին, հարցազրույցներին։ Առաջնորդների մի մասն այս գործն անձամբ է կատարել՝ ձեռքի հեռախոսով ուղիղ կապ հաստատելով հետևողների հետ, անմիջապես խոսել նրանց հետ։

Զեկույցում նշված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ուղիղ եթեր մտել իր իր գրասենյակից և մեքենայից և տեղեկացրել իր կառավարության գործունեության մասին։

«Հնարավոր է, որ ձայնի կամ տեսանյութի որակը լավագույնը չի եղել, սակայն ուղիղ ներգրավվածությունը շատ լավ է ընդունվել, և նա ընդգրկվել է ամենաշատ արձագանքներ ստացո առաջնորդների առաջին տասնյակում», - նշել են ուսումնասիրության հեղինակները։

Սոցցանցերը փոքր երկրների համար հնարավորություններ են բացել հաղորդակցվելու միլիոնավոր մարդկանց հետ՝ աշխարհով մեկ տարածելու ինֆորմացիան, ուղերձները։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, որի խոսքերն ընդգրկված են զեկույցում, հայտնել է, որ նախարարության ֆեյսբուքյան էջ օրական ավելի շատ մարդ է մտնում, քան նախարարության կայքը։

Ֆեյսբուքը լավագույն պլատֆորմներից մեկն է նաև պաշտոնյաների հետ կոնտակտի համար։ Ուսումնասիրված էջերի մի մասում նշված են իրեն էլեկտրոնային փաստի հասցեն, հեռախոսահամարները, միայն մի էջում առևտրի խորհրդանշական հուշանվերներ գնելու առաջարկ կա, և դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան էջն է։

Զեկույցի ընդհանուր բաժնում նշված է, որ 182 երկրների առաջնորդներ և կառավարություններ պաշտոնապես ներկայացված են սոցցանցերում՝ յոթով ավելի՝ քան 2018 թվականին։ Նրանց 94 տոկոսը ՄԱԿ-ի անդամ երկրներն են, իսկ աշխարհի երկրներից միայն 11-ն են բացակայում՝ չկան Ֆեյսբուքում։ Պետությունների 108 նախագահ, 83 վարչապետ և 88 արտգործնախարար անձնական էջեր ունեն Ֆեյսբուքում և որպես կանոն նրանք ավելի են ճանաչված, քան իրենց գլխավորած կառույցների պաշտոնական կայքերը։

Փաշինյանի մասին բաժնում նշված է, որ 557 հազար մարդ լայքել է նրա Ֆեյսբուքի էջը, Թվիթթերում 222 հազար օգտատեր հետևում է նրա էջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG