Մատչելիության հղումներ

Վարչապետը Իտալիայի գործարարներին է ներկայացրել ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ներդրումային համագործակցության և համատեղ նոր ծրագրերի հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները՝ անդրադառնալով էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացման դինամիկային։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հիմնարար բարեփոխումներ է իրականացնում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, Հայաստանում ներդրումների պաշտպանության գործուն մեխանիզմներ են գործում, և ներկայում ստեղծված են լավ հնարավորություններ՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է Հայաստանի անդամակցության շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նշելով. «Դուք կարող եք եվրոպական մակարդակի բիզնես ունենալ և ազատ, առանց մաքսատուրքերի մուտք գործել 200 միլիոնանոց շուկա»։

Աշխատանքային ճաշին մասնակցել են իտալական «Mediobanca» ներդրումային բանկի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca» ներդրումային բանկի Corporate and Investment banking-ի Հռոմի գրասենյակի ղեկավար, Corporate and Investment banking-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca» ներդրումային բանկի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna» ներդրումային ընկերության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկա Տորկիան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG