Ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտում էր Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երկու տարին մեկ անցկացվող այս մրցույթ փառատոնն արդեն իսկ ձևավորված ավանդույթներ ունի․ - «Ես ընդամենը շարունակում եմ տրադիցիան և ուրախ եմ, որ շարունակում եմ: Գիտեմ, որ ներգրավված են այս տարի 30-ից ավելի երգիչներ: Դավիթ Ղազարյանն է գլխավորում մրցույթը: Վստահ եմ, որ շատ հետաքրքիր ձայներ և նոր անուններ ի հայտ կգան»:
Այս մրցույթ-փառատոնը դեռ 2004 թվականին հիմնադրեց Կոնսերվատորիայի երկարամյա պրոֆեսոր, անվանի խմբավար, Հայաստանի երաժշտական ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը:
Նա այսօր մրցույթ-փառատոնի մեկնարկից առաջ մեր զրույցի ընթացքում շեշտում էր, որ այս մրցույթը կազմակերպել են երկու նպատակով․ - «Նախ ներկայացնելու համար մեր մեծերին, նրանց թողած ավանդը: Այնուհետև հայտնաբերելու երիտասարդ երգիչ-երգչուհիներ դասական երգեցողության գծով: Կարծում եմ, որ դա մեզ հաջողվե»:
Ղազարյանը հիշեցրեց, որ ամեն անգամ այս մրցույթ- փառատոնը նվիրվել է դասական երգարվեստում մեր լավագույն երգիչ-երգչուհիներից որևէ մեկին․ - «Սկսեցինք վոկալ արվեստի հիմքերից, մեր առաջին Ալմաստից՝ Թամար Շահնազարյանից: Դա ամենածանր տարիներն էին: Այնուհետև Արշավիր Կարապետյան, դրանից հետո Գոհար Գասպարյան, հետո Տաթևիկ Սազանդարյան, հետո Պավել Լիսիցյան, և այսպես շարունակ: Այս տարի լրանում է Գոհար Գասպարյանի ծննդյան 65-ամյակը: Մենք գիտենք, թե ինչ ավանդ է թողել նա մեզ՝ ամբողջ չորս տասնամյակ զարդարելով մեր օպերային թատրոնը, երգելով և ներկայացնելով հայ դասականներին, ինչպես նաև Կոմիտաս՝ շարականներ, տաղեր: Աշխարհով մեկ հնչեցրել է: Եվ պատահական չէ, որ մեր մեծերը նրան անվանել են հայկական սոխակ: Գոհար Գասպարյանը անհատականություն էր՝ իր լիրիկո-կոլորատուրային սոպրանոյով, հիանալի տեմբրով, զարմանալի ձայնածավալով: Եվ ինչ մեծ հայրենասիրական գործ էր անում նաև սփյուռքում: Նրա յուրաքանչյուր համերգ, ներկայացում վերածվում էր տոնահանդեսի»:
Ուշագրավ է, որ այս տարի Դավիթ Ղազարյանի նախաձեռնությամբ այս մրցույթ-փառատոնը համահանրապետականից վերածվել է համահայկականի՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով նաև սփյուռքահայ երիտասարդ մեներգիչներին մասնակցելու այս նշանակալից մշակութային իրադարձությանը հայրենիքում:
«Ես արդեն հինգ տարի է հետապնդում եմ այն հանգամանքը, թե մենք ինչու Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի կողքին չենք կարող ունենալ նաև Գոհար Գասպարյանի անունը կրող միջազգային մրցույթ: Դրա համար պետք է առաջին հերթին գումար, որ մտնես միջազգային համափառատոնային հանձնաժողովի մեջ: Բավական մեծ գումար: Այս տարի մենք մեծ ռիսկով ու համարձակությամբ, ունենալով նաև սփյուռքահայ մի քանի մասնակիցներ, մենք այն անվանեցինք համահայկական», - նշեց Ղազարյանը՝ շարունակելով․ - «Մենք պիտի կարողանանք այս տարի ևս հայտնաբերել այնպիսի ձայներ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս ներկայացնեն հայ վոկալ դասական դպրոցը»:
Մրցույթն անցկացվում է 3 փուլով և մրցույթի վերջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում կայանալիք գալա համերգի ընթացքում կհայտարարվեն հաղթած մեներգիչների և մեներգչուհիների անունները:
«Ազատության» խնդրանքով Դավիթ Ղազարյանը ներկայացրեց նախորդ մրցույթների հաղթողներին․ - «Հովհաննես Այվազյան, Դավիթ Բաբայանց, Հասմիկ Թորոսյան, Դիանա Հարությունյան․ այս անունները մեր առաջին մրցույթների ժամանակ 18 տարեկան էին, ստացան հույսի մրցանակ, հետո դարձան առաջին մրցանակակիր, իսկ հիմա զարդարում են ոչ միայն մեր օպերայի թատրոնը, այլ նաև աշխարհով մեկ երգում են՝ ցույց տալով հայ դասական օպերային արվեստը աշխարհին»: