Մատչելիության հղումներ

Մատվիենկոն և Միրզոյանը քննարկել են Ղարաբաղի հարցը


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավոր են զսպվածություն դրսևորել խնդրի արդյունավետ լուծումը գտնելու համար:

Մատվիենկոն և Միրզոյանը հանդիպել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ գծով նպաստում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:

«Հիմա այդ տարածաշրջանում հանգիստ կացություն է, սակայն մեզ անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել փոխզիջումային կարգավորում կայացնելու համար, քանի որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մարդիկ ուզում են խաղաղություն և զարգացման համար բնականոն կյանք: Մենք ամեն ինչ կանենք միջնորդի դերն արդյունավետ կատարելու համար», - ասել է Մատվիենկոն:

«Շատ կարևոր է, որ բացակայի ագրեսիվ հռետորաբանությունը, որովհետև այն ոչ միայն թույլ չի տալիս քայլեր անել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ, այլև ստեղծում է շատ բացասական ֆոն հետագա երկխոսության առւմով», - ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ ինչպես և նախկինում՝ Հայաստանն այսօր էլ շնորհակալ է Ռուսաստանին միջնորդության համար և մեծ կարևորություն է տալիս դրան:

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հավատում է խաղաղ երկխոսությանը և խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG