Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Facebook և Google ընկերությունները պետք է փոխեն իրենց բիզնեսի մոդելը, քանի որ «այն չի բացառում մարդու իրավունքների ոտնահարումը»:
Լոնդոնում տեղակայված Amnesty International-ն այսօր հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ «հսկողության վրա հիմնված բիզնեսի հայեցակարգը որևէ կերպ համատեղելի չէ գաղտնիության իրավունքի հետ»:
Զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը երկու ամերիկյան խոշոր ընկերություններին անվանել է «հսկողության հսկաներ, որոնք սպառնում են մարդու իրավունքներին, այդ թվում՝ ազատ արտահայտվելու, կարծիք հայտնելու և հալածանքի չենթարկվելու իրավունքին»:
Amnesty International-ը մոլորակի կառավարություններին հորդորում է մշակել և ընդունել օրենքներ, որոնք կերաշխավորեն գովազդ տարածող ընկերությունների կողմից չթիրախավորվելու օգտատերերի իրավունքը:
Facebook-ի և Google-ի ներկայիս գործունեության հայեցակարգը երրորդ կողմերին, այդ թվում՝ գովազդ արտադրող ընկերություններին, տալիս է օգտատերերի անձնական տվյալները հայթյայթելու հնարավորություն:
Համացանցում որոնումների ավելի քան 90 տոկոսն իրականացվում է Google-ի միջոցով, իսկ Facebook-ը հանդիսանում է ամենախոշոր սոցցանցը, որն ունի 2 միլիարդ 450 միլիոն օգտատեր, ինչը մոլորակի սոցցանցերի օգտատերերի մոտ 70 տոկոսն է:
Facebook-ը պատասխանել է Amnesty International-ի զեկույցին, հայտարարելով, որ իր բիզնես-հայեցակարգը չի ոտնահարում մարդու իրավունքները և հիմնված չէ հսկողության վրա:
Facebook-ը հայտարարել է, որ օգտատերերը կամավորության սկզբունքով են օգտվում սոցցանցի ծառայություններից: