Ավելի քան 19 տարվա արգելքից հետո Թուրքմենստանում առաջին անգամ օպերային ներկայացում է բեմադրվել` թուրքմեն և իտալացի դերասանների մասնակցությամբ:
Իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան, ինչպես փոխանցում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը, ոչ միայն առաջին օպերային բեմադրությունն է Թուրքմենստանի անկախության տարիների ընթացքում, այլ նաև իտալացի դերասանների մասնակցությամբ առաջինը Թուրքմենստանի պատմության ընթացքում:
Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Թուրքմենստանի իշխանությունները, որոնք մշտապես առանձնացել են կոշտ կառավարմամբ, արգելել էին օպերային և բալետային արվեստը երկրում՝ այդ որոշումը հիմնավորելով թուրքմենական մտածելակերպի հետ օպերայի անհամատեղելիությամբ:
2001 թվականին Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի հրամանով երկրի Օպերայի և բալետի պետական թատրոնը փակվել էր և միայն մոտ երկու տասնամյակ անց վերաբացվեց՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախաձեռնությամբ: