Մատչելիության հղումներ

Մալթայում հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել


Մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիա, ապրիլ, 2017թ․
Մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիա, ապրիլ, 2017թ․

Մալթայում հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել, ինչը հետաքննությունը մեծ քայլ է համարում: Այս մասին նոյեմբերի 19-ին ասել է ոստիկանության աղբյուրը:

Ենթադրվում է, որ ձերբակալված կասկածյալը միջնորդ է, ով սպանությունն իրականացնողներին կապել է պայթուցիկներ տրամադրած մարդկանց հետ: Լրագրողը սպանվել էր ավտոմեքենան պայթեցնելու միջոցով:

Մալթայի մամուլն այսօր գրել է, որ կասկածյալ միջնորդը հնարավոր է նույնիսկ ազատվի քրեական պատասխանատվությունից, եթե օգնի իրավապահներին բացահայտելու սպանության կազմակերպողներին ու իրականացնողներին:

Հակակոռուպցիոն բլոգեր լրագրողը սպանվել է 2017 թվականի հոկտեմբերին: Դաֆնե Կարուանա Գալիցիան բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետ Ջոզեֆ Մուսկատն ու նրա ընտանիքը կտրականապես հերքել էին այդ մեղադրանքները:

Վարչապետն անցած կիրակի ասել է՝ ցանկանում է, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը, անգամ եթե կառավարությունը պիտի դժվարին որոշումներ կայացնի:

XS
SM
MD
LG