Մատչելիության հղումներ

Կադիրովի պնդմամբ՝ մահվան սպառնալիքներն ու վախեցնելը չեչենական էթիկայի մաս են կազմում


Ռուսաստան - Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կառավարության նիստի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է անում, 8-ը նոյեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կառավարության նիստի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է անում, 8-ը նոյեմբերի, 2019թ․

Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե մահվան սպառնալիքներն ու վախեցնելը չեչենական էթիկայի մաս են կազմում: Կրեմլում չեն պատրաստվում ստուգել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչնիայի ղեկավարի այդ աղմկահարույց հայտարարությունը:

«Գրոզնի TV» հեռուստաընկերությունը ցուցադրել է Չեչնիայի կառավարության նիստի տեսագրությունը, որի ընթացքում Կադիրովը կոշտ քննադատություն է հնչեցրել բոլոր նրանց հասցեին, ովքեր «խախտում են մարդկանց միջև համաձայնությունը, բամբասում և տարաձայնություններ են հրահրում»:

«Եթե մենք չկանգնեցնենք նման մարդկանց, չսպանենք դրանց, չբանտարկենք, չվախեցնենք, մեզ մոտ ոչինչ չի ստացվի», - նախազգուշացրել է Կադիրովը և կոչ արել հատուկ ծառայություններին, ոստիկանությանը, հասարակական կազմակերպություններին՝ գտնել բոլոր նրանց, ովքեր համացանցում «արժանապատվություն են վիրավորում», և հետապնդել, «եթե անգամ հարկ լինի խախտել բոլոր օրենքները»:

«Մենք հանգիստ չենք տա նրանց, ովքեր արժանապատվություն են ոտնահարում, երդվում եմ սուրբ Ղուրանով: Պատրաստ եմ ցանկացած պատիժ կրել, եթե միայն կարողանամ վերադարձնել պատիվը: Էհ, կբանտարկեն, էհ, կսպանեն, ես արդեն 45 տարեկան եմ, էլ ի՞նչ ունեմ անելու այս աշխարհում», - հավելել է նա:

Աննախադեպ այս հայտարարությունները ռուսաստանյան մամուլում կոշտ արձագանք գտան, ինչից հետո Չեչնիայի ղեկավարը ստիպված եղավ սրբագրել և մեղմել ասածները՝ պնդելով, թե այդ խոսքերն արտաբերելիս զայրացած է եղել, բացի այդ՝ ասածը բառացի են ընկալել:

Ռամզան Կադիրովը, ով առաջին անգամ չէ սկանդալի կենտրոնում հայտնվում իր կոշտ հայտարարությունների պատճառով, հավաստիացրել է, թե «կսպանեմ քեզ, կպատառոտեմ քեզ» արտահայտություններ է ասում անգամ սեփական զավակների հետ շփվելիս:

«Մեր բառապաշարում կա նման բան, միշտ կար՝ վախեցնել, հայհոյել», - հայտարարել է Չեչնիայի առաջնորդը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում արյան վրեժն ընդունված է մարդկանց միջև համաձայնություն ստեղծելու համար, «որպեսզի նրանք իրար չսպանեն»:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտարարել է, թե Կրեմլում չեն պատրաստվում ստուգել Չեչնիայի ղեկավարի հայտարարությունները, անձամբ էլ հրաժարվել է մեկնաբանությունից:

Անցած ամիս ռուսաստանյան «Նովայա գազետա» անկախ պարբերականը գրել է, որ վերջին ամիսներին Չեչնիայում զանգվածային բռնաճնշումներ են իրականացվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ըստ թերթի՝ չեչենական գաղտնի բանտերում խոշտանգումների միջոցով բարձրաստիճան պաշտոնյաներից դավաճանության խոստովանություններ են փորձում կորզել: Պարբերականը նաև գրել է, որ ձերբակալվածներից խլում են ունեցվածքն ու պարտադրում բազմամիլիոն հանգանակություններ անել Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամին:

Ռամզան Կադիրովը մոտ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Չեչնիայի իշխանության ղեկը, հիշեցնենք, ժառանգել է 2007 թվականին իր հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։ Կադիրով կրտսերի ավելի քան տասը տարվա կառավարման տարիներն աչքի են ընկնում մարդու իրավունքների խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով, ինչն էլ ստիպել է արևմտյան երկրներին կոշտ պատժամիջոցներ ընդունել չեչեն առաջնորդի նկատմամբ՝ այդ թվում արգելելով նրա մուտքը արևմտյան երկրներ, սառեցնելով արևմտյան բանկերում նրա հաշիվները:

Մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Ինստագրամը, Ֆեյսբուքը, արգելափակել են հյուսիսկովկասյան հանրապետության առաջնորդի օգտահաշիվները, որոնց միջոցով չեչեն առաջնորդը պարբերաբար սպառնալիքներ էր հնչեցնում Արևմուտքի հասցեին, հեգնում արևմտյան արժեքները, ռազմատենչ գրառումներով հանդես գալիս:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG