Մատչելիության հղումներ

Իշխանությունը հիշեցնում է՝ Դաշնակցությունը մաս էր կազմում «բանակը թալանող իշխանության»


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան


Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում հորդորում են Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ուսումնասիրել, թե ինչպես էին տարիներ առաջ բանակը թալանում, երբ Դաշնակցությունն իշխանական կոալիցիայի մաս էր կազմում:

«Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանը Մարգարյանին առաջարկում է ուսումնասիրել, թե ինչպես էր իրենց կոալիցիոն իշխանությունը միլիարդներ կուտակում, իսկ զինվորին որդնած կարտոֆիլ տալիս:

Նշենք, որ անցած շաբաթ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքի ժամանակ Դաշնակցության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին՝ կասկած հայտնելով, թե արդյոք այս իշխանությունը պատրաստվում է հաղթանակի, թե պարտության: Մարգարյանն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցում պետք է այնպիսի լուծում լինի, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար՝ շեշտելով, որ «ենթատեքստում Փաշինյանն ասում է, թե պատրաստ է մի բան ավելի զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել»։ Դաշնակցության ներկայացուցիչը զգուշացրել էր՝ եթե Արցախի հարցով ունենա մտահոգություններ, ապա ամեն ինչ անելու է, որ այս իշխանությունները հեռանան:

«Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը պատրաստ է պատերազմին, թե պատրաստ չէ պատերազմին, ուրեմն այդ հայտարարության հեղինակին խորհուրդ կտայի ուսումնասիրել՝ երբ որ իրենք սերտորեն համագործակցում էին Հանրապետական կուսակցության հետ 2016թ.-ի ապրիլյանից առաջ, ապրիլյանից հետո, իրենք ուսումնասիրե՞լ են՝ զինապահեստներում ինչքան զինամթերք կար ու հիմա ինչքան կա, գուցե ստացվի այնպես, որ հիմա աննախադեպ քանակի է։ Կառաջարկեի ուսումնասիրել, թե ինչպես էին այդ կոալիցիոն ժամանակահատվածում թալանում բանակը, միլիարդներ կուտակում, իսկ զինվորը ստիպված էր որդնած կարտոֆիլ ուտել։ Այդքանը եթե համադրեն, գուցե ամաչեն իրենց այդ հայտարարություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար, ապա իշխանական պատգամավորի համոզմամբ, Հայաստանը երբեք այդպիսի կոշտ դիրքորոշում չի ունեցել Ղարաբաղի հարցում. - «Եթե մենք ասում ենք, որ այդ լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար ու նաև Ադրբեջանի, մենք ասում ենք՝ որևէ լուծում, որն ընդունելի չլինի մեզ համար, մենք չենք ընդունելու, դա միանշանակ է չէ՞, սևով սպիտակի վրա, որևէ ենթատեքստ այստեղ գտնել հնարավոր չէ։ Այլ բան է, որ որոշ քաղաքական ուժեր անընդհատ ինչ-որ բառախաղեր են հորինում, մտածում ու առաջնորդվում են իրենք իրենց իսկ հնարած դավադրությունների տեսություններով», - շեշտեց նա, ապա շարունակեց.

«Նորմալ է, ոչինչ, ճակատագիրն այնպես է, որ իրենք ինչ-որ ձևով պիտի իրենց ներկայությունը հասարակության մեջ անընդհատ ցույց տան, դրա համար իրենք պատրաստ են նույնիսկ կախարդների, սատանաների դեմ պայքարել, այլմոլորակայիններ շուտով կհայտնվեն երևի իրենց աչքերին, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ անազնիվ է չնկատել բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվում են բանակում: Քոչարյանը հիշեցնում է՝ Դաշնակցությունը մաս էր կազմում հենց այն իշխանության, որը բանակը ներգրավեց կոռուպցիոն գործընթացների մեջ: Դաշնակցականները պետք է մտահոգված լինեին այն ժամանակ, մինչդեռ այդ տարիներին որևէ քննադատություն չէին հնչեցնում։

«Ձեր կարծիքով, ապրիլյան քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ է ստեղծվել, միայն թերությունները հայտնաբերելո՞ւ, այդ թերությունների տեղը իրենք էլ գիտեին, ունեին մի քանի վերլուծություններ, որոնք, չգիտես ինչի, արել և պահել էին իրենց դարակներում։ Հիմա մեր խնդիրը բանակն առողջացնելու պրոցեսներն ավելի արագացնելն էր, այդ թերացումները պիտի չլինեին, եթե կան, եղել են, և մենք հիմա տեսնում ենք, դրանք այն ժամանակ էլ պետք է չլինեին, պետք է մշտապես բանակը լիներ պետական հոգածության տակ, այլ ոչ թե բանակին, սպայակազմին տրվեր հնարավորություն քվոտավորված ինչ-որ բաներից օգտվելու, որի դիմաց բանակի նույն սպայակազմը պետք է ծառայություն մատուցեր ընտրությունների տարբեր փուլերում», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե Փաշինյանը պատրաստ է ավելին զիջել, քան նախկինները, երբ հայտարարում էր, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի համար, ապա Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հակադարձում է՝ առանց երեք կողմերի համաձայնության երկարատև խաղաղության հնարավոր չէ հասնել. - «Ընդ որում, զիջողականության մասին խոսք չի կարող լինել, ընդհանրապես անվտանգության միասնական համակարգի մասին կարող ենք խոսել», - նշեց նա։

«Ազատության» դիտարկմանը, թե ինչ-որ բաներ պետք է չէ՞ զիջեն բոլոր կողմերը, որ բոլորի համար, ի վերջո, ընդունելի տարբերակ լինի, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. - «Բայց որևէ մեկը ձևակերպե՞լ է, թե զիջումներն իրանից ինչ է ներկայացնում։ Մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք կցանկանայինք, որ խաղաղության իրենց պատկերացումների մասին խոսեր նաև ադրբեջանական կողմը։ Դրա մասին է խոսել Փաշինյանը, երկարատև, տևական, արժանապատիվ խաղաղության հասնելու բանաձևի մասին»։

Ըստ պատգամավորի, այսօր մենք ավելի տևական խաղաղության միջավայրում ենք, քան մեկ-երկու տարի առաջ, առավել ևս 2016 թվականին. «2016 թվականին ի՞նչ եղավ, նույն Մինսկի խումբը կար, բայց ինչ-որ մի բան տեղի ունեցավ, որի ուսումնասիրությանը հենց միտված է ապրիլյան քննիչ հանձնաժողովը, որպեսզի հասկանա, ոնց որ թե պետք է կռիվ չլիներ, այդ հիբրիդային կռիվն ինչի՞ արդյունքում եղավ», - ավելացրեց նա։

Անդրադառնալով նախկին ուժերի և անհատների կողից ընդդիմություն ձևավորելու փորձերին, ինչպիսին և «Վերնատան» օրերս կայացած քննարկումն էր, իշխանական «Իմ քայլում» ընդգծում են՝ բոլոր այդ մարդկանց գործունեությանը հանրությունն անցած 25 տարիների ընթացքում շատ լավ ծանոթ է և գիտի ինչ սպասել:

Հայկ Գևորգյանը, սակայն, մտահոգիչ է համարում, որ իրական և առողջ ընդդիմության տեղը փորձում են զբաղեցնել հին դեմքերը. - «Եթե շատ մեղմ արտահայտվենք, ծերուկներով երբ հավաքվում են, նրանք լցնում են այն ընդդիմության տեղը, որը պիտի արդեն սկսեր զբաղեցնել ավելի նորարական ինչ-որ մի ուժ, որը, ցավոք սրտի, դեռ չի կարողանում ձևավորվել, ու էստեղ ամենամեծ վատությունը, որ անում են իրենք Հայաստանին, հենց դա է, ընդամենը եթե ինչ-որ բանով էլ ինձ անհանգստացնի, միայն դրանով է անհանգստացնում», - եզրափակեց պատգամավորը։

XS
SM
MD
LG