Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ընտրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին


Հայաստանի խորհրդարանը նիստ է անցկացնում, արխիվ
Հայաստանի խորհրդարանը նիստ է անցկացնում, արխիվ

Խորհրդարանում այսօր ելույթով են հանդես գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուները։

Նոր ստեղծվելիք և, ըստ էության, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրում են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Ազգային ժողովի խմբակցությունները։

Կառավարության առաջադրած թեկնածուն՝ Լիլիթ Ալեքսանյանը, վերջին ինը տարիներին աշխատել է HSBC բանկում: Խորհրդարանում այսօր նա վստահեցրեց՝ իր փորձառությունը բավարար է հանձնաժողովի աշխատանքներին արդյունավետ մասնակցելու համար:

Լիլիթ Ալեքսանյանը ներկայացրեց առաջարկ՝ պաշտոնյաների հայտարարագրած նվերների առումով․ - «Գուցե վերադասը կամ որևէ հանձնաժողով պետք է հաստատի, նոր կարողանա պաշտոնյան այդ նվերը ընդունել, որովհետև այդտեղ կարող է լինել հստակ շահագրգռվածություն կամ հետագա շահերի բախում», - ասաց նա։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախ նկատեց՝ լավ կլիներ, որ գործադիրը ներկայացներ, թե ինչու է հենց Լիլիթ Ալեքսանյանի թեկնածության վրա կանգ առել: Ըստ նրա, չի պահպանվել թեկնածուների ընտրության մրցութային կարգը, որը նաև միջազգային կառույցների պահանջ էր։

«Քաղաքացիական հասարակությունն ամբողջությամբ այս պահին ներկայացված չէ այստեղ, ինչը լուրջ վերապահումներ, կասկածներ կարող է առաջ բերել ապագայում Ձեր գործունեության հետ կապված», - հայտարարեց նա։

«Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին: Նա դեռ 2016 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ընդգրկվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբում, մասնակցել է 2017 թվականին ընդունված հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթների ստեղծման աշխատանքներին: Փաթեթի մաս է կազմել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որը հեղափոխությունից հետո փոփոխվել է:

«Այս հանձնաժողովը չի կարող դիտարկվել որպես դասական իմաստով կոռուպցիայի դեմ մարմին, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը ներհատուկ է իրավապահ մարմիններին։ Այս մարմնին վերապահված չէ քննություն իրականացնելու իրավասություն քրեադատավարական առումով, այս մարմինը չի ունենալու օպերատիվ բլոկ», - նկատեց նա։

Արման Բաբաջանյանն ակնարկեց, որ գործող Էթիկայի հանձնաժողովը ձախողել է, և այդ հանձնաժողովի անդամ ու նոր ձևավորվելիք հանձաժողովի թեկնածու Շաթրյանից հետաքրքվեց՝ ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը, եթե ձախողի նաև այս հանձնաժողովը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավոր ձախողման հետ կապված՝ Աստված մի արասցե, այսպես պատասխանեմ, նման բան լինի», - պատասխանեց Շաթրյանը։

ԲՀԿ խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, ով նախկին քննիչ է, մասնագիտացած է կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության հարցում: Իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքվեց թեկնածուից՝ ինչ փոխկապակցվածություն ունի ԲՀԿ-ի հետ։

«Ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ որևէ առնչություն չունեմ, որևէ կապ չունեմ, կոնկրետ թե ինչի է խմբակցությունն ընտրել իմ թեկնածությունը, կարծում եմ՝ տվյալ հարցին ավելի ճիշտ կպատասխանի խմբակցությունը», - ասաց Համբարձումյանը։ Նրա ենթադրությամբ, իրեն առաջադրել են՝ հաշվի առնելով իր անձը, կրթությունը, անցած ուղին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Նա շուրջ 15 տարի իրավապաշտպան գործունեություն է ծավալել, 2013 թվականից էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հիմնադրած «Իրավունքերի պաշտպանություն առանց սահմաների» ՀԿ-ի նախագահն է։

«Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ՝ հենց այդ 2013թ.-ից սկսած կազմակերպության գործունեության մեջ որևէ մեկը չի կարողանա մատնանշել, որ մենք կրել ենք հնարավոր որևէ ազդեցություն՝ մեր գործունեության մեջ սուր կամ այն խիստ քննադատական դիրքորոշումը նախկին իշխանությունների հասցեին երբևէ կաշկանդելու համար», - ասաց նա։

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուն Արամայիս Փաշինյանն է: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, 15 տարվա փորձառություն ունի, այդ թվում՝ միջազգային կառույցներում: Նախ պատգամավորների խնդրանքով հստակեցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապ չունի, նույնիսկ երբևէ նույն սենյակում չի գտնվել վարչապետի հետ։

Հանձնաժողովի թեկնածուների փակ քվեարկությունը կանցկացվի վաղը: Խմբակցությունների անունից հնչեցված ելույթների ընթացքում դրական գնահատականներ հնչեցին առաջադրված բոլոր թեկնածուների մասին, միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մտահոգություն հնչեցրեց, թե հանձնաժողովի ձևավորման այս կարգն ինքնին անարդյունավետ է․

«Մենք ունեցանք մի իրավիճակ, երբ չկարողացանք քաղաքացիական հասարակության սեգմենտների միջև լուծումներ գտնել, և իշխանությունը գնաց ամենահեշտ տարբերակով։ Առաջարկված լուծումը, ըստ իս, մի գործարք էր իշխանության կողմից, որին, փաստորեն, համաձայնեցին բոլոր խմբակցությունները, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք», - նկատեց նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նորաստեղծ ինքնավար մարմինն իրավասու կլինի ընդունել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ուսումնասիրել, հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում դրանք ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG