Մատչելիության հղումներ

Կայացավ «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը» ու Լևոն Շանթ. Մարդը և գործը» գրքերի շնորհանդեսը


«Art Bridge» սրճարանում այսօր տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ հրատարակված երկու շատ ուշագրավ գրքի շնորհանդես։ Հայ ընթերցողին ներկայացվեցին Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը» խորագրով հուշագրությունը և «Լևոն Շանթ. Մարդը և գործը» խորագրով հոդվածների ժողովածուն:

Ի դեպ, Վարդգես Ահարոնյանի՝ Անդրանիկի մասին հուշագրությունը հրատարակվել է 1957 թվականին Բոստոնում և այլևս չի վերահրատարակվել: Ինչպես այսօր շնորհանդեսից առաջ «Ազատության» հետ զրույցում ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ամիսներ առաջ արդեն տպագրել են Վարդգես Ահարոնյանի մի գործ՝ «Թումանյանը. Մարդը և բանաստեղծը» նրա 150-ամյակի առիթով։

«Երբ շնորհանդես արեցինք, Վարդգես Ահարոնյան չգիտեին, առաջին անգամ այս գրքով կարողացանք ներկայացնել Վարդգես Ահարոնյան գրողին՝ հայոց պատմության երևելի դեմքերից Ավետիս Ահարոնյանի որդուն, որը սփյուռքում մեծ գործունեություն է ծավալել», - նշեց նա։

Ըստ Առաքելյանի, Վարդգես Ահարոնյանը եղել է Անդրանիկի գրագիրը և շատ մոտիկից է ծանոթ եղել նրան, այստեղ կան հուշագրություններ, որտեղ Անդրանիկի կերպարը նորովի է ներկայանում, ի տարբերություն շատ հեղինակների, որ միայն նրա դրական կողմերն են նկարագրել, Ահարոնյանը խոսել է նաև Անդրանիկի բնավորության հակասության, ընկերների հետ որոշ տարաձայնությունների մասին։

Այս տարի ի թիվս մեր մյուս մեծերի լրացավ նաև Լևոն Շանթի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը Համազգայինը մեծ շուքով նշանավորեց մի շարք ձեռնարկներով՝ նաև մեծ գրողին և նրա ստեղծագործությունը սփյուռքահայ և Հայաստանի անվանի մտավորականների ու գրականագետների հոդվածներով ներկայացնող այս նոր հրատարակված գրքով, որտեղ մաս ունեն և՛ հուշագրություններ, և՛ գրականագիտական ուսումնասիրություններ:

Նա նկատեց՝ Շանթի մասին բազմաթիվ հրատարակություններ կան Հայաստանում. - «Մենք ինչո՞ւ անդրադարձանք հրատարակելու այսպիսի մի հատընտիր, որովհետև իր մարդկային տեսակի մասին այս գիրքը, կարելի է ասել, նորություն է, շատ համակողմանի այս գրքով ճանաչում ենք նաև մարդ Շանթին, իր ընկերներն ինչպես են նրան գնահատել, իր մարդկային խառնվածքը, իր քաղաքական գործունեության մեջ աշխարհընկալումը, ինչպես է մտածել, ինչպես է գործել որպես քաղաքական գործիչ, նաև հետաքրքիր է որպես մանկավարժ Շանթը, նա նաև դասագրքերի հեղինակ է եղել, առաջիններից մեկը, որ ձեռնամուխ եղավ Բեյրութում ստեղծել հայ մշակութային համազգային կենտրոնը, որը մի տեսակ դարձել էր մտավորականների հավաքատեղի», - ներկայացրեց Ռուզան Առաքելյանը։

Վերջինիս խոսքով, Լևոն Շանթին նվիրված այսօր շնորհանդեսի ներկայացված այս ժողովածուն կարող է երիտասարդ գրականագետների գիտական ուսումնասիրություններ համար ներշնչանքի աղբյուր հանդիսանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG