Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյան․ Վազգեն Մանուկյանը չի իրականացրել իր բուն գործառույթը


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանում է լրագրողների հարցերին:

«Հանրային խորհուրդը գոյություն չունեցող կառույց է, դրա վրա ճնշումներ չէին կարող լինել», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հրաժարականի դիմումին։

Պատգամավորի համոզմամբ, Հանրային խորհուրդը ստեղծման օրից իր գործունեությամբ չի առանձնացել հանրային ոլորտում․ - «Ես հույս ունեմ, որ հետայսու մենք իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերը և նշանակությունը: Եվ եթե մենք այդ սահմանադրական մարմինը շարունակելու ենք կարևորել, ուրեմն պետք է կարևորենք նաև այն, թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից»:

Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյան

Ավելի վաղ հենց Արման Բաբաջանյանն էր դիմել վարչապետին Հանրային խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու պահանջով: Պատգամավորը հիմնավորել էր, թե Մանուկյանը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քաղաքական հայտարարություններ է անում:

73-ամյա Մանուկյանը Բաբաջանյանի քայլը պատվեր էր համարել ու հայտարարել՝ պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում:

«Հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որ իր գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, ինքը չխորշեց գնալ և նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել և ընդունել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը», - ասաց Արման Բաբաջանյանը:

Հանրային խորհուրդը շուրջ 10 տարի ղեկավարած Մանուկյանը երեկ պաշտոնը թողնելու վերաբերյալ խորհրդի անդամներին ուղղված նամակում, ըստ էության, մեղադրել էր իշխանություններին երկրում, իր համոզմամբ, ձևավորված անվստահության և ատելության աննախադեպ մթնոլորտի ու հասարակության պառակտման համար։ Վազգեն Մանուկյանը դժգոհել էր, թե մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետին՝ գործակցության եզրեր գտնելու համար և թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը, սակայն ապարդյուն։

Իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք էլ գոհ չեն եղել Հանրային խորհրդի գործունեությունից։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Մանուկյանը քաղաքական հայտարարություններով է զբաղված եղել և չի իրականացրել իր բուն գործառույթը, այն է՝ կառավարությանը խորհրդատվություն տրամադրելը։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» օրենքի, խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

«Կոնկրետ Հանրային խորհրդի ղեկավարը, իմ աչքով ընկել է, հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի կուսակցական էին, և դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության կամ հնչեցրած մտքերի հետ», - ասաց Միրզոյանը:

Վազգեն Մանուկյանի լիազորություններն արդեն դադարեցվել են, իսկ Հանրային խորհրդի հաջորդ նախագահը կընտրվի, երբ խորհրդի 45 հոգանոց կազմն ամբողջությամբ լրացվի։

Այնտեղ այժմ երկու թափուր տեղ կա, Վազգեն Մանուկյանից բացի, խորհրդից հեռացել է նաև սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը:

Հանրային խորհրդի նոր նախագահի անունը հայտնի դառնա թերևս մեկ ամսից: Կառավարությունից «Ազատությանը» հայտնում են, որ խորհրդի նոր անդամների, հետո էլ նախագահի նշանակման հարցը դեռ չեն քննարկում, կքննարկեն օրենսդրությամբ նախատեսված ժամկետում։

XS
SM
MD
LG