Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2019թ․

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս խորհրդից՝ անիմաստ համարելով իր հետագա գործունեությունը այնտեղ: Այդ մասին նա տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին հղած նամակում, որի տեքստը հրապարակել է խորհրդի մամուլի պատասխանատուն:

«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում», - գրել է Մանուկյանը:

Նա գտնում է, որ այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ «հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը»: «Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը», - նշում է Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով․ - «Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն»:

«Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը», - փոխանցում է Մանուկյանը։

Նա վստահեցնում է, որ կշարունակի պայքարը հանուն պետության և ժողովրդի շահերի, և հույս է հայտնում, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակն ու կշարունակի ծառայել իր նպատակներին:

XS
SM
MD
LG