Մատչելիության հղումներ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան հայտարարության համար հիմք են ծառայել Բաբուխանյանի հայտարարությունները Ղրիմում


Հայկ Բաբուխանյան, արխիվ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին պահպանել  «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը»։

Դեսպանատունը տարածած հայտարարությամբ միաժամանակ հիշեցնում է, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ նախատեսված Ուկրաինայի օրենսդրությամբ:

Նշվում է, որ Ղրիմի տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ Հայաստանի քաղաքացիներ:

«Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում է ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը», - ասված է հայտարարությունում:

Հայաստանում Ուկրանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հանձնակատար Դենիս Ավտանոմովը «Ազատությանը» փոխանցեց, որ չնայած հայտարարության մեջ անուններ չեն գրել, բայց կմասնավորեցնի, որ նկատի են ունեցել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին․ - «Նա մշտապես այցելում է Ղրիմի Ինքնավար Հանրապետություն՝ խախտելով Ուկրաինայի օրենսդրությունը և այնտեղ որոշակի հայտարարություններ է անում»:

Ղրիմում տեղի ունեցած հանդիպումների և դրան հաջորդած քննարկումների ժամանակ Բաբուխանյանը հայտարարել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային:

«Ազատության» հետ զրույցում նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր հայտարարությունները: Հարցին, թե արդյոք մտահոգություններ չունի, որ Ղրիմում արված նման հայտարարությունները կսրեն հայ-ուկրաինական հարաբերությունները, Բաբուխանյանն արձագանքեց․ - «Կա ազգերի ինքնորոշման իրավունք, որից օգտվում է նաև մեր հայ ազգը՝ իր ինքնորոշումը Լեռնային Ղարաբաղում հռչակելու համար: Բոլոր գաղութատիրական նկրտումները, այդ թվում Ուկրաինայի դեսպանատան, մերժում եմ և դատապարտում»:

Ազգային ժողովի հայ-ուկրաինական բարեկամական խմբի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը շեշտադրում է՝ Հայկ Բաբուխանյանը Ղրիմում եղել է որպես մասնավոր անձ, և նրա այնտեղ հնչեցրած մտքերը բարեկամ պետություն Ուկրաինայում չպետք է մեկնաբանվեն որպես պաշտոնական Երևանի տեսակետ․ - «Պարոն Բաբուխանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության պաշտոնական տեսակետը չի ներկայացնում: Հայաստանի պաշտոնական տեսակետը ներկայացնում են Հայաստանի վարչապետը և արտաքին գործերի նախարարը: Այնպես որ, պարոն Բաբուխանյանը ուր է գնացել, ինչ է ասել, ինչ է արել, մեր քննարկման առարկա չպետք է լինի»:

Ուկրաինայի դեսպանատնից արձագանքելով դիտարկմանը, որ Հայկ Բաբուխանյանը մասնավոր անձ է և նրա հայտարարությունները չպետք է դիտարկվեն որպես պաշտոնական Երևանի տեսակետ ասացին․ - «Այսպես ասենք․ նրա «Իրավունք» թերթը նրան ներկայացնում է որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դա մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում»:

Դեսպանատնից փոխանցեցին, որը մտահոգությունը փոխանցել են նաև Հայաստանի արտգործնախարարություն, բայց արձագանքի մասին մանրամասներ ասել չեն կարող: ԱԳՆ-ից հայտարարության հետ կապված ողջ օրվա ընթացքում մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Ազգային ժողովում հայ-ուկրաինական բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ-ական Արման Աբովյանը ասում է, որ Ղրիմի թեման չափազանց նուրբ հարց է Հայաստանի համար, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան բարեկամ երկրներ են:

Աբովյանի խոսքով, Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական երկրի շահով և Ղրիմում հայ համայնքի անվտանգությամբ․ - «Պետք է աշխատենք այն ցավոտ հարցերը, որ երկու իրականում եղբայրական ազգերի մեջ գոյություն ունեն, պետք է մենք մաքսիմալ զգույշ լինենք: Մեզ պետք չէ մտնել այդ տարաձայնությունների մեջ: Մենք հետաքրքված ենք, որ հնարավորինս շուտ հարաբերությունները կարգավորվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG