Մատչելիության հղումներ

Ասադի ազգականները Մոսկվայում անշարժ գույք են գնել


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպում է զինծառայողների հետ, հոկտեմբեր, 2019թ․
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպում է զինծառայողների հետ, հոկտեմբեր, 2019թ․

Financial Times պարբերականի փոխանցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ազգականները Մոսկվայում 2013 թվականից մինչև 2019-ի հուլիս ձեռք են բերել առնվազն 20 բնակարաններ: Այդ անշարժ գույքի ընդհանուր արժեքը մոտ 40 միլիոն դոլար է:

Բնակարանները գերարդիական երկնաքերներով հայտնի Москва-Сити համալիրում են: Նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի օրոք մեկնարկած Москва-Сити-ի շինարարությունը դեռ շարունակվում է, այստեղ կան ոչ միայն մասնավոր տներ, այլև տարբեր ընկերությունների գրասենյակներ, ռեստորաններ և խանութներ:

Москва-Сити-ն երկնաքերներով Նյու Յորքը հիշեցնող մի թաղամաս է Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում: Շքեղ բազմահարկերում կարող են քառակուսի մետրեր գնել միայն շատ հարուստ մարդիկ:

Եթե մի օր ավարտվի Սիրիայի սարսափելի պատերազմը, դրանից հետո երևի տասնամյակներ և տասնյակ կամ հարյուրավոր միլիարդ դոլարներ կպահանջվեն ավերված, արյունաքամ երկիրը վերականգնելու համար, բայց արի ու տես՝ երկրի ղեկավարի ազգականները մոսկովյան երկնաքերներում տներ են գնում: Ընդ որում՝ այդ ազգականներից մեկը պատժամիջոցների ցուցակում է:

Ազգականները նախագահի մեծ գերդաստանի մաս կազմող Մաքլուֆների ընտանիքից են: Մոհամադ Մաքլուֆը Բաշար ալ-Ասադի մորեղբայրն է: Նա է տներ գնել, նրա օրինակին են հետևել նաև նրա որդիները:

Բնակարանները Москва-Сити թաղամասի «Մայրաքաղաքների քաղաք» համալիրում են:

Financial Times-ը նշում է, որ գործարքներն իրականացվել են լիբանանյան օֆշորային ընկերությունների միջոցով:

20 բնակարաններից 13-ը գնել են Սիրիայի անվտանգության գլխավոր վարչության Դամասկոսի բաժանմունքի ղեկավար Հաֆիզ Մաքլուֆին պատկանող ընկերությունները՝ Artemis-ը, Bellona-ն և Khestia-ն:

Բաշար ալ-Ասադի մորեղբոր որդի Հաֆիզ Մաքլուֆը Սիրիայի ամենահարուստ գործարարներից մեկն է:

13 բնակարանների ընդհանուր տարածքը 2112 քառակուսի մետր է: Բնակարանները 61-րդ, 65-րդ և 73-րդ հարկերում են:

Բնակարաններ են գնել նաև Ասադի մորեղբոր մյուս որդին՝ Ռամի Մաքլուֆը, նրա կինն ու քենին:

Ռամի Մաքլուֆը Սիրիայի բջջային օպերատորի՝ Syriatel-ի սեփականատերն է: Հենց նրան է Եվրամիությունն ընդգրկել պատժամիջոցների ցուցակում:

Մաքլուֆների և Ասադի հարաբերություններում երբեմն խնդիրներ են ծագել: Երբ վերջերս Սիրիան պետք է մարեր ռուսական պարտքի մի մասը, նախագահը բոլոր գործարարներից գումար էր պահանջել, Ռամի Մաքլուֆն առարկել էր, ինչի համար Բաշար ալ-Ասադի կարգադրությամբ կարճ ժամանակով հայտնվել էր տնային կալանքի տակ:

Բայց հավանաբար ճգնաժամն անցել է, Մաքլուֆների ընտանիքը շարունակում է բիզնես ծավալել այլ երկրներում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, թե Կրեմլում տեղեկություններ չունեն Մոսկվայում անշարժ գույքի շուկայում Ասադի ազգականների ակտիվության մասին: Ավելին՝ չպետք է ունենան:

«Ռուսաստանում բաց շուկա է, օտարերկրացիների կողմից բնակարաններ ձեռք բերելու հանգամանքի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա», - հայտարարել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG