Մատչելիության հղումներ

Վարդան Արամյան․ Ժամանակն է, որպեսզի դրոշակ բարձրացնենք և վերաիմաստավորենք


Ֆինանստների նախկին նախարար Վարդան Արամյան
Ֆինանստների նախկին նախարար Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի կարծիքով, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները, որը, ըստ կառավարության, տարվա կտրվածքով կկազմի 7 տոկոս, գոհացնող են:

Նրա խոսքով, Հայաստանն այդ առումով տարածաշրջանի լավագույններից է և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) առաջատար դիրքեր է զբաղեցնում, սակայն եթե պետությունը որդեգրել է արտահանմանը միտված քաղաքականություն, պիտի թարմացնի և փոփոխի տնտեսական գործիքակազմը․ - «Այն գործիքակազմը, որ ժամանակին դիզայն է արվել, մի մասն աշխատել է, մի մասը չի աշխատել: Չաշխատողները պետք է հանենք դուրս գցենք, իսկ որոնք աշխատել են, բայց այսօր արդեն հնացել են, պետք է այսօր վերաիմաստավորենք»:

Կարեն Կարապետյանի կառավարությունում աշխատած Արամյանը կարծում է, որ այն տնտեսվարողներին, որոնք կարողանում են դրսում աշխատել, պետք է ուրիշ աչքով նայել․ - «Խոսքը միայն արտոնությունների մասին չէ: Դա գործիքակազմ է, որը պետք է ներդնես: Հիմա ինչպիսի՞ իրավիճակ ունենք: Իհարկե գովելի է այն քայլը, որ կառավարությունը մինչև վերջ տարավ այն մոտեցումը, որ հարկային քաղաքականությունը պետք է որոշակի վերաիմաստավորել»:

Ըստ Արամյանի, շահութաբերությունը ոչ արտահանվող հատվածում շատ ավելի բարձր է, ռեսուրսն էր այստեղ են օգտագործվում:

Նախկին նախարարն օրինակ է բերում՝ չորս տոնավաճառ է բացվում, դրանց կողքին ընդամենը մեկ գործարան․ - «Ժամանակն է, որպեսզի դրոշակ բարձրացնենք և վերաիմաստավորենք»:

«Ազատության» հետ զրույցում Արամյանն անդրադարձավ կապիտալ ծախսերի թերակատարմանը: Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա կապել էր կոռուպցիայի դեմ պայքարի հետ՝ ընդգծելով, որ նախկինում ատկատ կոչվածը համընդհանուր երևույթ էր, իսկ հիմա իրավիճակը այլ է:

Նախկին նախարարը կապիտալ ծախսերի թերակատարման պատճառների մասին երեք հիպոթեզ է ներկայացնում, որոնք քննարկվում են տնտեսագետների շրջանում: Մեկը ԾԻԳ-երի վարքագիծն ու նրանց հանդեպ վերաբերմունքն է: Երկրորդը զուտ կարողությունների ոչ բավարար լինելն է, աշխատողները չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց գործառույթները:

Երրորդ հիպոթեզը, ըստ Արամյանի, երկրում տիրող մթնոլորտն է, հարուցված քրեական գործերը․ - «Ճիշտ է, որ մենք պատժենք այն մարդկանց, որոնք կոռուպցիայի մեջ թաթախված են: Բայց եթե մենք անընդհատ հետ ենք գնում և ռեսուրսներ ենք ծախսում, սա խիստ վտանգավոր է: Որովհետև ամբողջ պետական համակարգը սկսելու է դանդաղել»:

Վարդան Արամյանը տնտեսագիտական համալսարանում մասնակցում էր «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով քննարկմանը։

Տնտեսագիտականում էր նաև մի շարք սփյուռքահայերի կողմից հիմնադրված ԱՐՓԱ վերլուծական ինստիտուտի ամերիկահայ նախագահ Հակոբ Փանոսյանը:

Նա «Ազատության» հետ կիսեց սփյուռքի գործարար շրջանակի հետ շփումներից ստացած իր տպավորությունները, մասնավորապես, Հայաստան ներդրումներ բերելու հնարավորությունների մասին:

Փանոսյանի գնահատմամբ, ներդրումներ անելու ցանկություն կա․ - «Սակայն տակավին կարծես լրիվ 100 տոկոս չէ: Կարծես այն մոտեցումները, որոնք երաշխավորում են բոլոր աշխատանքների համակարգը, տակավին կարծես վստահելի չէ իրենց համար»:

Սփյուռքահայ գործչի գնահատմամբ, արտերկրում ապրող հայ գործարարներն այս պահին օրենսդրական փոփոխությունների են սպասում: Նրա խոսքով ամենամեծ խնդիրն այսօր մտավոր սեփականության խնդիրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG