Մատչելիության հղումներ

Քաղաքագետի պնդմամբ, Հարությունյանն Արցախում ցածր վարկանիշ ունի, հակաօրինական գործունեություն է ծավալում


«Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումար, Շուշի, 10-ը նոյեմբերի, 2019թ.
«Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումար, Շուշի, 10-ը նոյեմբերի, 2019թ.

Արցախի վարչապետի, ապա պետական նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախում շատ ցածր վարկանիշ ունի, նման կարծիք ունի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Հարությունյանը հայտարարել էր գարնանն Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, երեկ էլ սեփական կուսակցության համագումարին որոշվեց՝ «Ազատ հայրենիիք» նախագահի թեկնածուն հենց նա է։ Արցախցի քաղաքագետը պնդում է՝ ամբողջ Արցախով է հայտնի՝ Արայիկ Հարությունյանը մի շարք խոշոր կոռուպցիոն գործարքներում է ներգրավված եղել ու շարունակում է հակաօրինական տնտեսական գործունեությունը։

«Պետք է բացառվեն քրեական-օլիգարխիկ համակարգի վերարտադրության ամենալկտի փորձերը, որոնց ամբողջությունն այսօր մարմնավորում է հենց Արայիկ Հարությունյանը»,- ասաց նա։ Քաղաքագետի խոսքով, հայաստանյան ներկայիս իշխանությունները պետք է բացառեն Հարությունյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին։

Նա նշեց, որ Երևանը միանգամայն իրավասու է, որովհետև, այսպես կոչված, միջպետական վարկի շրջանակում Արցախին տրամադրվող գումարների ճիշտ կամ սխալ ծախսելու վերաբերյալ Ստեփանակերտը հաշվետու է Երևանին, այդ թվում՝ քրեական մակարդակի վրա։

Օգոսոտսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չափազանց կարևոր է համարում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային և ժողովրդավարական միջավայրում: Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պետք է հանդես գա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

Ալեքսանդր Քանանյանը կարծում է՝ Արայիկ Հարությունյանը Հայաստանի ներկայիս իշխանությունների որոշ շրջանակնների համար նախընտրելի թեկնածու է, բայց ոչ կոնկրետ վարչապետ Փաշինյանի համար։

«Կան անձինք, որոնք կա՛մ անպատասխանատու, կա՛մ միամտորեն կարծում են, որ Արայիկը հարմար թեկնածու է Երևանի համար մի շարք պատճառներով, բայց սա ուղղակի իսպառ մերժելի մոտեցում է, և եթե Արցախում չկանխվի Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը, ապա դրա քաղաքական, տնտեսական, բոլոր հետևանքների ուղիղ և միակ պատասխանատուն լինելու է Երևանի ներկայիս կառավարությունը» ,- հայտարարեց քաղաքագետը։

Նրա համոզմամբ, արցախցիների համար թյուր կարծիք է ձևավորվում, թե պաշտոնական Երևանն աջակցում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ վերջինս հանդիպումներ է ունենում իշխանության տարբեր շրջանակնների հետ։

Նախորդ շաբաթ Արցախի ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, նա բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ աջակցում է հայաստանյան ներկայիս իշխանություններին։

Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ու Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Եկող տարվա ընտրություններին նախագահի թեկնածու կառաջադրի նաև Արցախի «Վերածնունդ» կուսակցությունը։ «Ազատությանն» այս մասին հայտնեց Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Հավանաբար, նա էլ կլինի կուսակցության թեկնածուն։ Խանումյանի տեղեկացմամբ՝ իրենց տարածքային կառույցների մեծ մասից արդեն նման առաջարկ է ստացել։

XS
SM
MD
LG