Մատչելիության հղումներ

Նկարիչների միությունում առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերով քրգործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի նկարիչների միությունում առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերով քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Դատախազության հանրային կապերի բաժինը:

«Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018 թվականների հաշվետվությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ
կապակցությամբ նախապատրաստել նյութեր։ Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նկարիչների միության պատասխանատու անձանց կողմից 2017-2018 թվականներին առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են հասարակական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50 միլիոն դրամի գույքն ու դրամական միջոցները: Մասնավորապես, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների և փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսված վարձավճարների համեմատ էականորեն պակաս եկամուտներ, առկա չեն եղել նաև տվյալներ գույքահարկի և հողի հարկի գծով
վճարումներ կատարելու վերաբերյալ և այլն, ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, նշված փաստերի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG